Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարա՞ք մեր գեղի լեզվով բացատրեք՝ ինչի՞ այո» (տեսանյութ)

Քաղաքականություն
margo

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի մասնակիցներն ավարտեցին այցը Արագածոտնի մարզի Ուշի համայնք: Սահմանադրական փոփոխություններին դեմ եւ կողմ քաղաքական ու հասարակական գործիչները հավաքվածներին բացատրում ու համոզում էին, թե ինչու նրանք պետք է այո կամ ոչ քվեարկեն դեկտեմբերի 6-ի հանրաքվեին: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բացատրեց ուշեցիներին, որ այսօրվա կառավարման համակարգը վատն է ու այն պետք է փոխվի. «Հիմա եթե վատ է, մեխանիզմ չկա, որ կառավարությունը հրաժարական տա, իսկ նոր սահմանադրությամբ, հենց երկրում վատ լինի, ավտոմատ հրաժարական են տալու»: Հավաքված տարեց պապիկները Միքայել Մելքումյանին հորդորեցին՝ «կարա՞ք մեր գեղի լեզվով բացատրեք, ինչի՞ այո, մենք բան չենք հասկանում»: «Հիմա ասում եմ, մենք ուզում ենք մի մեխանիզմ ստեղծել, որ մի մարդուց ամեն ինչ կախված չլինի, մեկը կարա սխալվի, կարան իրան ճնշեն գերտերությունները»,- ասում է Մելքումյանը, Ուշեցիները արձագանքում են. «Է հիմա էլ վարչապետին եք տալու»: Բայց Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ այդպես չի լինելու: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ուշեցիներին հորդորում էր ինքնակամ գնալ եւ այո քվեարկել նոր սահմանադրությանը. «Ուզում եմ գիտակցաբար անեք, ոչ թե թաղապետի կամ գյուղապետի խաթեր համար»: Տիկին Եսայանը մարդկանց բացատրում էր, որ նոր մայր օրենքը հնարավորություն կտա բոլոր պաշտոնյաներին հեռացնել, եթե նրանք լավ չեն աշխատում. «Էլ դեմոկրատիան ո՞րն է, պոզով պոչով չի լինում, էսա էլի: Հիմա մենք՝ ՀՀԿ-ականներս, շատ ենք ԱԺ-ում, մեր ձայները հերիքում է ցանկացած օրենքի անցկացման համար, հիմա էդպես չի լինի էլ»: