«Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը հաջորդ տարվա բյուջեում ընդգրկված չէ (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի վերագործարկում պահանջող նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել էին ԱԺ-ի դիմաց՝ հասկանալու համար` արդյո՞ք ԱԺ-ում էներգետիկայի ոլորտը ներկայացնելիս հաջորդ տարվա բյուջեում ընդգրկված է «Նաիրիտը», եւ գործարանի հետ կապված ինչ քայլեր են արվելու: Նաիրիտցիներին հանդիպել էր Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը եւ ասել է, որ քանի դեռ ծրագիրը քննարկված չէ, եւ որոշակիություն չկա, բյուջեում այն ներառվել չի կարող: Հիշեցնենք, որ նաիրիտցիները ներկայացրել են մի ծրագիր, ըստ որի՝ հնարավոր կլինի երբեմնի հզոր գործարանը վերագործարկել 60 մլն դոլարով: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը ենթադրում է, որ կառավարությունը այն պետք է ներկայացնի ԱԺ. «Կամ էլ դիտմամբ ձգձգում են, ու չեն ներկայացնում»: Նաիրիտցիներն այսօր հեռացան ԱԺ-ի մոտից՝ հինգշաբթի օրը կառավարության շենքի մոտ հավաքվելու պայմանով: Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են նաեւ իրենց տույժ –տուգանքների վճարում, թեեւ նախապես պայմանագիր էին ստորագրել եւ հրաժարվել դրանից: Նաիրիտցիները նշում են, որ ստիպողաբար են ստորագրել այդ պայմանագրերը։