Ո՞վ կարող է տապալել Հայաստան- ԵՄ հարաբերությունները (տեսանյութ)
Հոկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովը մանդատ ստացավ Հայաստանի հետ նոր համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ բանակցությունները կարող են սկսվել մինչեւ տարեվերջ: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը տապալելուց եւ Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալուց հետո՝ սա համագործակցությունը խորացնելու նոր փորձ է: Ինչո՞վ է այն ավարտվելու: Հայաստանը չէր գնա ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցելու, եթե չունենար պաշտոնական Մոսկվայի համաձայնությունը. «Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում դրան՝ հասկանալով, որ այդ բանակցությունները կարող է կանգնացնել, երկարացնել, վերջում տապալել»,- կարծում է Բորիս Նավասարդյանը: Հայաստանն էլ իր հերթին չի գնա ասոցացման նախկին համաձայնագրի կետերով նոր փաստաթղթի ստորագրման: Մասնագետների գնահատմամբ՝ բանակցությունների ամբողջ ընթացքում հաշվի կառնվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքը: «Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ կարող է Հայաստանը պատրաստ չլինի ստորագրել այնպիսի դրույթներ, որոնք ոչ մի բանի չեն խանգարում, բայց դա ասենք չի բխում Ռուսաստանի շահերից»,- ասում է Բորիս Նավասարդյանը: Երկու տարի առաջ Հայաստանը անվտանգությունից ելնելով՝ չստորագրեց ասոցացման համաձայնագիրը, հիշեցնում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, դա հասկացել են նաեւ Բրյուսելում; Ուստի այս անգամ քննարկվող համաձայնագիրն ավելի շահավետ կլինի Հայաստանի համար: Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը կարող է այս համագործակցության կոնտեքստում անգամ շահել՝ լավացնելով իր հարաբերությունները արեւմուտքի հետ: Մանրամասները՝ տեսանյութում