Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է կանխել ուղեղների արտահոսքը Հայաստանից. Եվրոպացի փորձագետ (տեսանյութ)

Տնտեսություն
43ec3b6ff4adb73c7fefd62244193869

Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) անդամներն այսօր հանդիպեցին Երևանում։ Խորհրդաժողովում մեր երկիրը համանախագահող կողմ է։ Մեր կողմից մասնակցում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ու Արտաքին գործերի նախարարությունները։ Նշենք, որ CORLEAP-ը համատեղ ժողով է, որը համախմբում է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին։ Այստեղ ներկայանում են 36 տարածքային և տեղական քաղաքական գործիչներ, որոնցից 18-ը՝ COR-ից, ովքեր ներկայացնում են ԵՄ-ն, և 18-ն Արևելյան գործընկերության երկրներից՝ այդ թվում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա։ Այսօրվա հանդիպմանը քննարկվեցին բազմաթիվ, այդ թվում՝ տեղական մարմինների ժողովրդավարացմանը և մարզերում էներգախնայողությանն առնչվող հարցեր։ Խորհրդաժողովին հաջորդեց մամուլի ասուլիս։ Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ և CORLEAP-ի համանախագահ Մարկկու Մարկկուլան «Ա1+»-ի հարցին, թե ինչ խնդիրներ է տեսնում հայաստանյան տեղական ժողովրդավարացման հարցում, նշեց. «Ես այնքան էլ լավ ծանոթ չեմ հայաստանյան իրավիճակին։ 7 տարի առաջ եմ եղել այստեղ։ Կարևորում եմ այս ժողովը։ ԵՄ-ն կարևոր օղակ է՝ խորացնելու հարաբերությունները։ Պետք է ասեմ, որ շատ կարևոր է երիտասարդների ներգրավումը, այդ թվում՝ հայկական սփյուռքից։ Շատ հայ երիտասարդներ այսօր Եվրոպայում են։ Պետք է նրանց բերել այստեղ, կանխել ուղեղների արտահոսքը։ Պետք է օգտագործել երիտասարդների պոտենցիալը։ Դրա համար անհրաժեշտ է ինովացիոն տեխնոլոգիաները զարգացնել»։ «Մենք Եվրամիության աջակցությամբ մարզերում իրականացնում ենք ուսուցողական, խորհրդատվական ծրագրեր։ Բացի այդ, բազմաթիվ այլ աշխատանքներ են տարվում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի թափանցիկ աշխատեն»,-նշեց ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Հարցին, թե որքանով են այս ծրագրերի շրջանակում հաշվի առնվում սահմանամերձ գյուղերի խնդիրները, նա շեշտեց. «Հաշվի ենք առնում, իհարկե։ Փորձում ենք հերթով, քիչ-քիչ այդ հարցերը լուծել՝ կապված ճանապարհների, ոռոգման և խմելու ջրի հետ»։ Դիտարկմանը, թե մեր երկրի՝ ԵՏՄ անդամ լինելը, փաստորեն, չի՞ խանգարում Եվրամիության և Եվրախորհրդի հետ կոնկրետ ծրագրերով համագործակցել, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալն արձագանքեց. «Իհարկե, ԵՏՄ անդամ լինելը մեզ չի խանգարում։ Պետք չէ մեկը մյուսի հետ կապել։ Մենք կարողանում ենք համատեղ աշխատել ու ծրագրեր իրականացնել»։