Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանն ամենաբարդ վիճակում է (տեսանյութ)

Հասարակություն
kovkas

Երևանում մեկնարկել է «Վստահության կոալիցիա Հարավային Կովկասում» տարածաշրջանային երկօրյա սեմինարը։ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի կողմից անցկացվող միջոցառումն արդեն երրորդ տարին է` համախմբում է երիտասարդների Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսիայից, ինչպես նաև Ադրբեջանից։ Վերջինս, կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Ինգենսլանդի խոսքով, ամենաբարդ կացության մեջ է մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ադրբեջանական պատվիրակության երևանյան այցը հնարավոր չէ, ուստի նրանց հետ կապը պահպանում են առցանց։ «Այս ծրագրի շրջանակներում մեր նպատակն է, որ ոչ թե մենք անմիջապես աշխատենք մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ, այլ հնարավորություն ընձեռենք տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի նրանք աշխատեն։ Ամենամեծ մտահոգությունը, որ մենք ունենք Ադրբեջանում՝ բազմաթիվ քաղբանտարկյալների հարցն է։ Մեր ընկերները, շատերը հիմա ազատազրկված են, նրանց համար դժվար է աշխատել, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ընձեռենք նրանց այդ հնարավորությունը»,-ասում է քարտուղարը։ Սեմինարին մասնակցում է մոտ 25 ուսանող տարածաշրջանից։ Վրաստանի պատվիրակության անդամ Նուկրի Պալաշվիլիի խոսքով՝ Վրաստանի և Հարավային Օսիայի, ինչպես նաև Աբխազիայի իշխանությունների միջև առկա տարաձայնությունները չեն խանգարի մտերմանալ այդ չճանաչված հանրապետություններից ժամանած երիտասարդների հետ, քանի որ երիտասարդությունը մեկ բան է ցանկանում՝ խաղաղություն։ «Վստահ եմ որ մենք խնդիր չենք ունենա։ Հատկապես երիտասադությունը պարտավոր է շփվել միմյանց հետ, ճանաչել միմյանց և իմանալ, որ մենք քաղաքացիներ ենք, ովքեր ձգտում են խաղաղության, ովքեր խաղաղություն են ցանկանում մեր ընտանիքներում, մեր երկրներում և իհարկե ողջ աշխարհում»,-ասում է Նուկրին։