Խորովածն ու օղին փոխարինեք հացուպանրով ու թանով. ինչպես խուսափել թունավորումից (տեսանյութ)
Վերջին օրերին երեք մարզերի տարբեր համայնքներում արձանագրված թունավորումների դեպքերով պետք է հետևություն անեն այն մարդիկ, ովքեր սնունդ են արտադրում և մատակարարում այնտեղի հաստատություններին։ Այս մասին այսօր ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։ Իսկ ո՞րն է պատասխանատու կառույցի դերը. «Այս վերջին դեպքերում Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս որպես հրշեջ։ Լինում են դեպքեր, մենք գնում ենք, տեղում աշխատում, որպեսզի վերացնենք հետևանքները»։ Գլխավոր ինֆեկցիոնիստը հաստատեց այն, որ Արարատի մարզի Բաղրամյան համայնքում թունավորման պատճառը եղել է դպրոցում վաճառվող սնունդը, իսկ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում՝ խմելու ջուրը։ Ասում է՝ շատ համայնքներում ջրատարները մաշված են, ինչի հետևանքով ջուրը խմելու համար արդեն պիտանի չի և նման հետևանքներ է ունենում։ Հայտնի է, որ երեկ ևս 4 երեխա է Ձիթհանքովից հոսպիտալացվել։ «Ա1+»-ի հարցին, թե իրականում ի՞նչն է եղել պատճառը, քանի որ հիվանդանոցի փոխտնօրենի խոսքով՝ ոչ ջուրն է, ոչ սնունդը, պարոն Ասոյանը նշեց. «Դե ես իմն եմ ասում, թող փոխտնօրենն էլ իրենն ասի։ Ես տեղում եղել եմ, պատճառը ջուրն է»։ Գլխավոր ինֆեկցիոնիստը վստահեցրեց, որ առայժմ հաջողվում է անել ամեն ինչ, որպեսզի հոսպիտալացված հիվանդների վիճակը չծանրանա։ Ընդհանուր առմամբ, թունավորումների հաճախակիացմանը նպաստում է նաև շոգ եղանակը։ Իսկ բարձր ջերմաստիճանի դեպքում արագ փչանում է սնունդը։ Առիթն օգտագործելով, մասնագետը հորդորեց, որպեսզի բնակչությունը չգնի արևի տակ վաճառվող ցանկացած մթերք, մասնավորապես՝ ձմերուկ։ Ամռանը նման դեպքերը շատանում են նաև այն պատճառով, որ մարդիկ չեն պահպանում սնվելու տարրական կանոնները։ «Մեզ մոտ ընդունված է, որ գնում են քաղաքից դուրս հանգստանալու, փոխանակ այս շոգին հաց ու պանիր ուտեն, ուտում են խորոված, չալաղաջ, քաբաբ։ Բացի այդ, թող օղու փոխարեն թան խմեն»,-շեշտեց պարոն Ասոյանը։