Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագահը դառնալու է ընդամենը տիկնիկ, էլ ինչո՞ւ եք ընտրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Aram-sargsyan

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դեռևս չի շտապում ասել՝ միանալո՞ւ է արդյոք սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատին, թե ոչ ։ Նրա վստահեցմամբ՝ թեև իրենք կողմնակից են խորհրդարանական կառավարման մոդելին, սակայն մինչ այսօր կան կետեր, որոնք իրենց համար անհասկանալի ու անընդունելի են։ Դրանց պարզաբանումից հետո նոր միայն «Դեմոկրատական կուսակցություն»-ը հանդես կգա հստակ դիրքորոշումով։ «Եթե այն կարևոր, սկզբունքային հարցադրումները, որոնք կան սահմանադրությունում, եթե դրանք իսկապես ընդունվեն այն ձևով , ինչպես որ մենք ենք պատկերացնում, և կարծում եմ նաև, որ հասարակության մեծամասնությունն էլ է այդ կարծիքին,ապա մենք այո, կողմ կլինենք այդ սահմանադրությանը։ Բայց եթե այդ սկզբունքային հարցերից մեկ-երկուսը մնան առնվազն այն ձևով, ինչպես որ ձևակերպված են հիմա, իհարկե, մենք դեմ ենք քվեարկելու սահմանադրության այդ նախագծին»,-ասում է Արամ Սարգսյանը։ Վերջինիս խոսքերով՝ իրենք կողմ են խորհրդարանական պետությանը և ոչ թե վարչապետական, իսկ այս Սահմանադրությամբ՝ երկիրը դառնալու է հենց այդպիսին։ Այս համատեքստում պարոն Սարգսյանը հարց է բարձրացնում. «Այդ դեպքում էլ ինչո՞ւ եք նախագահ ընտրում։ Մի մարդ, եթե ոչ մի իրավասություն չի ունենալու, նրան վերապահված բոլոր լիազորությունները տրվելու են վարչապետին, այդ դեպքում նա լինելու է ընդամենը տիկնիկ»։ Ըստ Արամ Սարգսյանի ՝ նոր սահմանդրությամբ երկրում նաև չի բարելավվելու ժողովրդավարության մակարդակը, իսկ այսօր Հայաստանում ժողովրդավարությունը  զրոյից բարձր է ընդամենը 1 կամ 2 աստիճանով։ Մանրամասները՝ տեսանյութում։