Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե պատերազմ լինի, Ռուսաստանը կկորցնի և մեր երկիրը, և Ադրբեջանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
16d1fb7c6221a4e5a2e63efdb0a35d3e

Վերջին տարիներին ադրբեջանական բանակի սպառազինությունը որակապես փոխվում է։ «Ադրբեջանն ավելացնում է զենքի գնումը, և այժմ արդեն հրետանի են կիրառում։ Սա մտահոգիչ է։ Սակայն պետք է նշեմ, որ ռազմատեխնիկական բալանսը պահպանվում է»,-կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Թեև Ադրբեջանը դեռ 90-ականներից ավելի մեծ քանակի զենք է ստացել Ռուսաստանից, քան Հայաստանը, սակայն ներկայումս մեր երկրին ռուսական կողմն արտոնյալ պայմաններով է ռազմական տեխնիկա վաճառում։ Քաղաքագետը շեշտեց, որ այս իրավիճակը լիովին ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այս կերպ նա կարողանում է ազդեցությունը պահպանել երկու երկրների վրա։ Հարցին, թե Ռուսաստանը նույն կերպ շարունակելո՞ւ է իրեն դրսևորել հնարավոր պատերազմի դեպքում, պարոն Մինասյանն ասաց. «Այդ դեպքում Ռուսաստանը նախ ի վիճակի չի լինի խուսափել ներգրավվածությունից։ Իսկ եթե որոշի խուսափել, դա իր համար կունենա լուրջ աշխարհաքաղաքական գին։ Քանի որ այնտեղ շատ լավ հասկանում են, որ ռուսական ռազմակայանը, որը ենթադրում է հայաստանյան սահմանների պաշտպանություն, մեր երկրի համար կարևոր է, քանի դեռ այն պաշտպանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնարավոր ոտնձգություններից»։ Իսկ եթե ռուսական կողմը դա չանի՞. «Պատերազմն ինչ ընթացք էլ որ ունենա, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը, նաև ռազմակայանը մեր երկրի տարածքում, որովհետև այլևս կարիքը չենք ունենա այդ ռազմական ներկայության։ Նրանք միշտ խուսափում են կտրուկ պատասխանից այն առումով, թե ինչ են անելու, բայց միշտ նշում են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն»,-եզրափակեց քաղաքագետը։