Նշանակվել է «Ա1+»-ի լրագրողի դատի օրը (տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 22-ին որոշել էր՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ որոշել՝ գործով վարույթը կարճել՝ Կ. Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Մարինե Խաչատրյանը բողոքարկել էր այս որոշումը, որում նշվում էր որոշում կայացնել Մարինե Խաչատրյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնելու, այն է՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Օհանյանի 2015 թվականի ապրիլի 22-ի որոշումը վերացնելու եւ «Ա1+»–ի լրագրողի քրեական գործը նոր քննության ուղարկելու մասին։ Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտիրոսյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ եւ 290-րդ հոդվածներով, որոշել է բողոքն ընդունել վարույթ։ «Ա1+»–ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքի դատական քննությունը նշանակվել է 2015 թվականի հուլիսի 16-ին, ժամը 10:00–ին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատական նիստերի թիվ 4 դահլիճում, դռնբաց դատական նիստում։ Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Կարեն Հայրապետյանը երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ Իսկ ներկայանալուց հետո եւս խոչընդոտել է լրագրողի աշխատանքը՝ թույլ չտալով տեսանկարահանումը շարունակել։ Խոչընդոտելու դեպքերը ներկայացված են այլ լրատվամիջոցների կողմից արված տեսանյութերում։