Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արամ Մանուկյանի գործով շրջանառվում էր Առաքել Մովսիսյանի անունը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Manukyan-Aram1

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը չի պատրաստվում բողոքարկել իր վրա հարձակում գործած Արշակ Սվազյանի դատավճիռը։ «Նախաքննական մարմնի եւ հետագայում դատական ակտով տրված քրեաիրավական որակումը չէր համապատասխանում կատարված արարքին եւ դրա ծանրությանը»,- «Ա1+»-ին ասաց Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ վատ նախադեպ ստեղծվեց Հայաստանում, երբ կարելի է ԱԺ պատգամավորին իր պատգամավորական լիազորությունները կատարելու ընթացքում ծեծի կամ հարձակման ենթարկել։ «Սվազյանն ասում է, որ հարձակում է գործել ելույթի համար։ Ելույթում հանդես է եկել ԱԺ պատգամավորը։ Ասում է դուք քննադատել եք իմ երկրի նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին, դրա համար էլ այդ արարքը կատարել եմ։ Այստեղ ծեծ հոդվածը դնել եւ քրեական գործը հարուցել այդ հոդվածի վրա , դա արդեն ի սկզբանե ցույց է տալիս, որ այլեւս անելիք չունենք այդ գործի շրջանակներում»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ Նա հիշեցնում է, որ այստեղ կար քաղաքական պատվեր եւ միջադեպի հետ կապված շրջանառվում էր Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի անունը։ Նրա խոսքերով՝ որեւէ քննչական գործողություն կամ հանձնարարարական այս ուղղությամբ չի կատարվել. «Այսքանից հետո նստել եւ մտածել, որ պատիժը մեղմ է եղել, ես ասեմ, երեք տարին էլ է մեղմ պատիժ այս հանցագործության համար, որովհետեւ մենք գործ ունենք ԱԺ պատգամավորի հետ, որի գործունեության արդյունքում հասարակությունը կամ օգուտ է ստանում, կամ տուժում է։ Եթե այդ պատգամավորները պետք է աշխատեն Արշակ Սվազյանի բռունցքների ազդեցության ներքո, ամբողջ հասարակությունը քրեական գործով պետք է ճանաչվեր տուժող»,- եզրափակեց ՀԱԿ իրավաբան, Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Արշակ Սվազյանը դատապարտվել է մեկամսյա կալանքի՝ Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու համար։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Արշակ Սվազյանը իր քայլը մեկնաբանել էր նրանով, որ Արամ Մանուկյանը հայհոյել էր Սերժ Սարգսյանին։