Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիբինը գործուղման է, ՀԾԿՀ-ն սրբագրման կարիք չունի

Քաղաքականություն
electric

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով չդադարող բողոքի ակցիաների արդյունքում արդյոք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվերանայի՞ սակագնի հարցը։ «Որոշումը միայն ՀԷՑ-ով չի պայմանավորված, նաև՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է և մնացյալ կողմերը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։ Հարցին, թե տեղյա՞կ է ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինն այն ամենին, ինչ լուսադեմին կատարվեց Բաղրամյան պողոտայում, մարդկանց նկատմամբ բռնի ուժի կիրառմանն ու ձերբակալություններին, նա նշեց. «Հիմա պարոն Բիբինը քաղաքում չի, գործուղման է, բայց, իհարկե, տեղյակ է»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նույնպես վերանայման մասին չեն մտածում։ «Մեր ընդհանուր որոշման մեջ, որը տնտեսապես հիմնավորված է, հավասարապես պաշտպանված են և սպառողի, և մատակարարի իրավունքները»,-ասաց ՀԾԿՀ մամուլի պատասխանատու Մարիամ Ստեփանյանը։ Հանձնաժողովում վստահ են, որ սակագնի բարձրացումը հավասարակշռված որոշում է, որով կապահովվի էլ.էներգիայի անխափան և հուսալի մատակարարումը։ «ՀԷՑ-ը հասել է այն վիճակին, որ պետք է նվազագույն չափով բարձրացվեր սակագինը։ Կառույցն ամիսներ շարունակ ի վիճակի չէր վճարել հիդրոէլեկտրակայաններին՝ ծառայությունների դիմաց»,-նշեց նա։ Հարցին, թե հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղյա՞կ է երեկ ու այսօր կատարված իրողություններին, տիկին Ստեփանյանը շեշտեց. «Տեղյակ ենք։ Մենք արել ենք մեր գործը և սրբագրման կարիք չենք զգում»։