Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենգենյան երկրների վիզա ստանալու գործընթացը կդյուրացվի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ex

Հունիսի 23-ից Հայաստանում Շենգենյան համագործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսարանները միանում են Վիզաների տեղեկատվական համակարգին (ՎՏՀ)։ Այսուհետ Շենգենյան վիզայի համար դիմողները կարող են ՎՏՀ-ին տրամադրել իրենց կենսաչափական տվյալները՝ մատնահետքեր եւ թվային լուսանկար։ Շենգենյան վիզայի դիմումի բոլոր տեղեկատվությունները կգրանցվեն ՎՏՀ տվյալների կենտրոնական շտեմարանում։ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան խորհրդական Դովիլե Սուրվիլաիտենը վստահեցնում է՝ համակարգին միանալով վիզա ստանալու ամբողջ գործընթացը կդյուրացվի. «Ամեն ինչ ավելի հստակ ու պարզ կլինի, հյուպատոսը ձեր դիմումի համաձայն կնայի նաեւ ձեր նախորդ տվյալները եւ հնարավոր է, որ անգամ հարցազրույցի չկանչեն»։ Համակարգը կհեշտացնի նաեւ հյուպատոսների աշխատանքը, ով քիչ հարցեր տալով կկարողանա արագ կողմնորոշվել եւ հասկանալ՝ պե՞տք է դիմորդին վիզա տրամադրել, թե ոչ. «Ես կնայեմ տվյալ մարդու շտեմարանը եւ կտեսնեմ, որ նա արդեն գնացել է, օրինակ՝ Ֆրանսիա, անգամ եթե նա կորցրել է իր նախորդ անձնագիրը կամ փոխել այն»,-ասում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Տերեզա Պորցուցեկը։ Իրենց հանձնած կենսաչափական տվյալները, մարդիկ պետք է թարմացնեն միայն 5 տարին մեկ անգամ։