Ինչու է բանջարեղենից ձկան համ գալիս (տեսանյութ)
Հունիսի 18-ը անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ այսօր Հայաստանի 53,2 %-ը անապատացման վտանգի առջև է կանգնած, որից 29%-ի դեպքում վտանգը շատ մեծ է։ Բնապահպանի տեղեկացմամբ՝ ռիսկային բարձր գոտում է գտնվում հատկապես Արարատյան դաշտավայրը, ինչը խիստ վտանգավոր կարող է լինել գյուղատնտեսության զարգացման համար։ Ստեղծված իրավիճակը տիկին Դանիելյանը պայմանավորեց մի քանի գործոններով, որոնցից առաջինը էրոզիայի վտանգն է տվյալ տարածքների հողային ռեսուրսների վերացման համար, ինչպես նաև անասունների գերարածացումը այդ վայրերում, սողանքները, իսկ անտառների և կանաչ տարածքների հետզհետե վերացումը ըստ բնապահպանի ՝ ինքնին տանում է անապատացման։ «Համաձայն միջազգային կոնվենցիաների՝ անապատացում համարվում է այն պահը, երբ հողը կորցնում է իր բերրիությունը և դառնում է անարդյունավետ։ Մեզ մոտ գյուղատնտեսության համար պիտանի է հողերի ընդամենը 0,15 %-ը։ Անապատացման վտանգը առկա է ամբողջ աշխարհում և դրա ռիսկայնությունը շատ բարձր է»,-նշում է Կարինե Դանիելյանը։ Իսկ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի համոզմամբ էլ՝ Հայաստանը ջրային պաշարների առումով հարուստ երկիր է, ինչպես նաև ունի բավարար չափով բերրի հողատարածքներ, որոնք համապատասխան մշակման և ուշադրության արդյունքում կարող են արդյունավետ կիրառվել։ «Մենք այսօր ջրային տնտեսության քաղաքականություն չունենք։Եթե մենք կարողանանք նպատակային օգտագործել մեր ջրային ռեսուրսները և ջրամբարների ջուրը անիմաստ բաց չթողնենք, ապա ջրի պակաս, հաստատ, չենք ունենա ։ Օրինակ Մասիս գյուղում ՝ գյուղացիներն այսօր ոռոգման ջրի բացակայության պատճառով ստիպված են լինում կոյուղու ջուրն օգտագործել ՝ հողը ջրելու համար, ինչն էլ իր հերթին վատ է անդրադառնում բերքատվության և նաև բերքի համի վրա։ Արարատյան դաշտավայրում էլ ձկնաբուծարաններում օգտագործված ջուրը առանց մաքրելու բաց են թողնում գետերը։ Գյուղացիներն էլ այդ ջրով են ոռոգում իրենց դաշտերը, որի հետևանքով էլ շատ հաճախ բանջարեղենից ձկան համ է գալիս»,- ընդգծում է ջրաբանը։ «Մենք պետք է հնարավորինս շատ ջրամբարներ կառուցենք, մենք դրա հնարավորությունը ունենք։ Օրինակ Արաքս գետի վրա Ախուրյանի ջրամբարի ջրի հոսքը դեռևս Խորհրդային միության տարիներից կեսը պետք է Հայաստանը օգտագործեր, կեսը՝ Թուրքիան , բայց մենք դա այսօր չենք անում, և մեր ապաշնորհությունից օգտվում են մեր հարևանները։ Արաքսի վրա հիմա ևս մեկ ուրիշ ջրամբար է կառուցվում , որը Թուրքիան շատ արագ կսկսի շահագործել։ Մենք համապատասխան ծրագրեր ենք մշակել այս բոլոր խնդիրների վերաբերյալ, որոնք ներկայացրել ենք համապատասխան նախարարություններ։ Քննարկումներից հետո արդյունքները երկուշաբթի օրը մեզ կհայտնեն»,- շեշտեցին բանախոսները՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե մասնավորապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել այդ խնդիրների դեմ պայքարելու համար։