«Մարդը իր հետ կատարված դժբախտության ֆոնին խեղաթյուրվելա». Խոյեցյանը՝ Թոքմաջյանին
«Նեռվայնանում եմ էդ մարդու մանկամտությունից, իրա տեխնոլոգիանա, մարդկանց աչքին թոզ փչելով՝ ինչ-որ կարծիք ստեղծել։ Մարդը էդ հողի վրա իր հետ կատարված էդ դժբախտության ֆոնին խեղաթյուրվելա»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում այսպես արձագանքեց ճարտարագիտական համալսարանի նախկին աշխատակից Վլադիմիր Խոյեցյանը այսօր Հովհաննես Թոքմաջյանի ցուցադրած տեսանյութին ի պատասխան։ Խոյեցյանի պնդմամբ՝ տեսանյութում իր մեղքը ապացուցող ոչինչ չկա. «Այդ տեսանյութում ներկայացվածա, որ ես մի սրճարանում եմ նստած, որը մեր համալսարանի մոտա, ես այդ շրջանում միշտ այնտեղ էի նստում, քանի որ իմ սենյակը վերանորոգվում էր։ Եվ հետո՝ այդ սրճարանում, պոլիտեխնիկի ուղիղ կեսը ամեն օր ընթրումա։ Զարմանալի չի, որ ես էլ եմ այնտեղ եղել։ Մյուս դրվագում ես ուղղակի փողոցով քայլում եմ, ինձ զանգա գալիս, ընդ որում ինձ զանգում են համալսարանից, ասում են, որ ռեկտորի ֆեյսբուքյան էջը կոտրել են, արի։ Տեսանյութում երեւումա, ոնց եմ առանց հեռախոսը անջատելու կանգնացնում տաքսի ու նստում։ Ի դեպ, ես հասնում եմ համալսարան, էդ սպամը դեռ շարունակվում էր, ես եմ կանգնեցնում՝ իմ ձեռքով։ Այնպես որ, նրա ֆեյսբուքում չարաճճիություն անող մարդիկ էդ ընթացքում երբ ես արդեն պոլիտեխնիկում էի, դեռ անում էին»։ Վլադիմիր Խոյեցյանը լեգենդ է անվանում Հովհաննես Թոքմաջյանի այն հայտարարությունը, որ ինքը այդ սկանդալը սարքել է, որ քեռին՝ Աշոտ Խաչատրյանը, դառնա ռեկտոր. «Դե արի ու մի ասա, այ ցավդ տանեմ, 100 տարիա էս ոլորտում ես, դու չգիտե՞ս, որ ռեկտոր չեն դառնում, իսկ իմ քեռին ոչ ռեկտոր դառնալու ամբիցիա ունի, ոչ էդքան մեջք ունի, ոչ էլ՝ ասելու բան չի, բայց փող ունի։ Կամ եթե քո ասածովա, ինչի՞ չդարձավ, մենակ «կռուտոյ-կռուտոյ» հայտարարություններա անում»։ Ճարտարագիտական համալսարանի նախկին աշխատակիցը նշեց նաեւ, որ այդ տեսանյութը մինչեւ այսօրվա հրապարակումը նա տեսել էր քննչական վարչության հատուկ կարեւորության գործերի բաժնում. «Ես քննիչների հետ միասին նայել եմ էդ վիդեոները, նշված ժամերը շեղված են, չկա ոչ մի մեթոդաբանություն, որով հնարավոր լինի պարզել՝ ինչքան են շեղված։ Չկա կառչելու ոչ մի տեղ։ Եթե լիներ՝ անգամ մի փոքր, ես համոզված եմ՝ պարոն Թոքմաջյանը իր ամբողջ ներուժը կդներ, որպեսզի քննչական կոմիտեին հրահրեր, որ գոնե ինձ գործով որպես կասկածյալ ներգրավվեին։ Փաստորեն քննչական վարչության ինտելեկտը չհերիքեց, որ մինչեւ հիմա դա օգտագործեին ու կասկածյալ ճանաչեին ինձ։ Իսկ պարոն Թոքմաջյանը միանգամից դարձավ համ նախաքննական մարմին, համ ոստիկանություն, համ դատավոր, որոշումը կայացրեց, հանրայնացումն էլ արեց»։