Մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու. «Քաղաքացիական պայմանագիր»

Երևանի «Էլիթ փլազա» համալիրում մեկնարկել է Քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովը:

2 տարի տեւած քննարկումներից հետո որոշում է կայացվել «Քաղաքացիական պայմանագիր» անունով կուսակցություն հիմնադրելու մասին. իր զեկույցի սկզբում ասաց Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ինչ իմաստ ունի ստեղծել հերթական կուսակցություն. այս կուսակցությունը չի պատրաստվում մնալ ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ստեղծվում է՝ տեսանելի ապագայում ժողովրդի անունից ստանձնելու ՀՀ պետական իշխանությունը. «Գյուղ առ գյուղ կհասկացնենք, թե ինչպես է պատրաստվում կյանքը փոխել «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ամենանախընտրելի վայրը ՀՀ քաղաքացու համար, մեծ հայրենադարձության ժամանակաշրջան պետք է սկսվի։

Այս իշխանությունները միայն մի ոլորտում են հասել «նվաճումների». ժողովրդին զրկել են պետություն ու քաղաքացիություն ունենալու վստահությունից»։

Կուսակցությունը խոստանում է առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թվի կրկնապատկում՝ երկրի բովանդակային վերակառուցում։

Կուսակցությունը նախապատրաստվում է ընտրական գործընթացին. 6000 հոգուց կազմված վստահված անձ, 1-2 հազար հոգանոց դիտորդական խմբի ձեւավորում՝ Սփյուռքում՝ ահա առաջին քայլերը։

«Ժամանակ չունենք ափալ-թափալ քայլեր անելու համար։ Մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու՝ ամենակարճ ու իրատեսական ճանապարհով։

Կեցցե մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»,- իր խոսքն այսպես ավարտեց Նիկոլ Փաշինյանը։