Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնօրենը չպիտի փայ մտնի վինետկայի գումարից». Ա. Բախշյան (տեսանյութ)

Հասարակություն
verjin-zang

Այս տարի Վերջին զանգը դպրոցներում կհնչի մայիսի 22-ին։ Մինչ այդ, գրեթե բոլոր դպրոցներում գումար է հավաքվում՝ տոնը նշելու համար. Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դեմ է դրամահավաքին, բայց ծնողների կողմից որոշակի ներդրումը երեխաների համար բնական է համարում։ «Ընտանիքն ու դպրոցը պետք է թևեր տան պատանուն, ով ավարտում է դպրոցը։ Պետք է պատշաճ ձևով նշվի ու հիշարժան օր դառնա ամբողջ կյանքի համար»,-շեշտել է նա։ Տնօրեն եղած ժամանակ տիկին Բախշյանը չի թույլատրել աշակերտներին Վերջին զանգի օրը բեմում ելույթ ունենալ, ասում է՝ դեռ առջևում այդ պատանիները քննություն պետք է հանձնեն և միջոցառմամբ զբաղվելը ճիշտ չէ։ Իսկ այն, որ դրսի սցենարներով է անցկացվում այդ միջոցառումը, նա որակում է որպես շուկայական հարաբերությունների վառ օրինակ։ Իր դպրոցական տարիքում այս տոնի առթիվ միմյանց բարեմաղթանքներ են հղել՝ հավաստագրերի միջոցով, այժմ նման սովորույթ չի տեսնում։ Ավագանու անդամը չի հերքում, որ դպրոցներում տոնի առթիվ մեծ գումարներ են ծախսվում։ «Դպրոց կա, որ այդ տոնը տեսնում է քաղքենիության մեջ. փուչիկներ, ռեստորան և այլն։ Շատ քիչ դպրոցներում է տեղ տրվում ավելի կարևոր արժեքների»,-կարծում է տիկին Բախշյանը։ Նա խորհուրդ է տալիս ծնողներին՝ դպրոցում կատարված ցանկացած ծախսի համար հաշվետվություն պահանջել տնօրենից։ «Ցանկացած դրամահավաք կոռուպցիա է, թեև նայած, թե ինչ նպատակի է ուղղվելու։ Եթե ավարտական լուսանկարների գրքույկի (винетка) համար է, դա նորմալ է, ուղղակի տնօրենը չպիտի փայ մտնի դրանից»,-եզրափակել է տիկին Բախշյանը։