Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ Աննա Պետրոսյանի «Աճյունասափորը» պիեսի հիման վրա բեմադրված «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան։
Բեմադրությունը՝ Սերգեյ Եղիկյանի
Ներկայացումից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը և թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանը։ Խոսվեց թատրոնի ստեղծման, անցած ճանապարհի, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին։ Իր խոսքը հայտնեց նաև լրագրող, «Էկոնոմիկա» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Լուսյա Մեհրաբյանը։
Պրեմիերային ներկա էին պիեսի հեղինակ Աննա Պետրոսյանի դուստրը՝ Նարինե Թուխիկյանը, նրա ընկերները, Գյումրիից ժամանած գործընկերները, ինչպես նաև թատերասեր հանդիսատեսը։
«Վերջին հանգրվան»-ը պատմում է Հայաստանից արտագաղթած մի ընտանիքի մասին, որը բնակվում է ԱՄՆ-ում։ Ընտանիքի հայրը հիվանդանում է և մահից առաջ հայտնում իր վերջին ցանկությունը՝ թաղվել հայրենիքում։
Հոր մահից հետո մայրն ու որդին հայտնվում են հակադիր դիրքերում։ Մայրը ցանկանում է կատարել ամուսնու վերջին ցանկությունը և նրա աճյունը տեղափոխել Հայաստան, մինչդեռ որդին դեմ է՝ իր առջև ունենալով հայրենիքի, հիշողության և սեփական կյանքի միջև բարդ ընտրություն։
Ներկայացումը խոսում է հայրենիքից հեռանալու և վերադառնալու, ընտանիքի, հիշողության, կորստի ու ազգային արմատների հետ մարդու կապի մասին՝ հարցեր, որոնք բեմից հասնում են հանդիսատեսին և շարունակում իրենց ճանապարհը նրա մտքերի մեջ։