Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներին հիվանդանոց տեղափոխելուց հետո մանկապարտեզը փակվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
mankapartez

Երեկ հայտնի էր դարձել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ «Ուրբաթ առավոտյան նախավարժանքի ժամանակ երկվորյակ երեխաներ են վատ զգացել, փորացավ են ունեցել։ Մանկապարտեզից զանգահարել են ծնողներին և տեղեկացրել այդ մասին։ Նրանք եկել ու երեխաներին տարել են հիվանդանոց։ Համապատասխան բուժում ստանալուց հետո փոքրիկներին տարել են տուն»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Նրա խոսքով՝ ծնողները նշել են, թե դա իրենց մեղավորությունն է, քանի որ երեխաներին մեկ օր առաջ ճանապարհից գնված չլվացված ելակ են տվել՝ ուտելու։ 4 երեխա էլ երեկ է վատ զգացել։ Նրանց ևս հիվանդանոց են տարել, բայց այս պահին փոքրիկները ստացիոնար բուժում չեն ստանում, այլ ծնողները պարբերաբար տանում են բժշկի մոտ։ Ինչպես վստահեցրեց պարոն Խլղաթյանը, այժմ երեխաների վիճակը լավ է։ «Իմ կարգադրությամբ ներկայում մանկապարտեզը փակ է»,-հայտնեց Արմավիրի քաղաքապետը։ Հարցին, թե մինչև ե՞րբ փակ կմնա, նշեց, որ առնվազն մինչև եկող երկուշաբթի։ «Այժմ բակային այցեր են կատարվում՝ Առողջապահության նախարարության և Արմավիրի մարզպետարանի կողմից՝ հնարավոր այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերելու նպատակով»,-այս մասին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ Տեղում աշխատում է նաև Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ «Մեր խումբը նմուշառումներ է վերցրել սննդամթերքից։ Դեռ պարզ չէ՝ սննդի՞ց է երեխաների մոտ խնդիր առաջացել, թե՞ այլ պատճառով»,-իր հերթին շեշտեց ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։