Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքական ծագման շաուրման անընդունելի է». Ս. Մամուլյան

Հասարակություն
884c364cb2c00179ec0b57344b72d59e

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում արագ սնունդը մեծ տարածում ունի։ «Այդ ֆասթ ֆուդն օգտագործելիս մենք ոչ թե հագեցնում, այլ բթացնում ենք քաղցը»,-շեշտել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Վնասակար է ոչ միայն հենց բուն արագ պատրաստված սնունդը, այլև այն արագ ուտելը, քանի որ օրգանիզմը չի հասցնում լիարժեք մարսել այն։ Խոհարարը դա համարում է իսկական փորձություն ստամոքսի համար։ «Խորհուրդ կտայի հատկապես երիտասարդներին և այն մարդկանց, ովքեր օրվա ընթացքում հիմնականում զբաղված են և արագ են սնվում, ուշադրություն դարձնել սրան և ճիշտ սնվել»,-նշել է նա։ Պարոն Մամուլյանը խորհուրդ է տալիս նաև սնվելուց առաջ ջուր կամ թան օգտագործել, ինչը օրգանիզմը կնախապատրաստի սննդի ընդունմանը։ «Արագ սննդի հաճախակի օգտագործումը կարող է նպաստել նաև քաղցկեղի առաջացմանը։ Որոշ երկրներ հատկապես այս պատճառով վաղուց արգելել են իրենց երկրում ֆասթ ֆուդի վաճառքը»,-ասել է խոհարարը։ «Շաուրմա կոչված հակասնունդն ընդհանրապես անընդունելի է։ Որքան պետք է արժանապատվությունից զուրկ լինեն մարդիկ, որ թուրքական ծագման ու անունով սննդով սնվեն»,-ընդգծել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահը։ Ասում է՝ հայկական արագ սնունդը հիմնականում լավաշով է մատուցվում, ի տարբերություն շաուրմայի, որի հացը քիմիական բաղադրիչներով է պատրաստվում։ «Սննդի հետ կապված քաղաքականությունը նույնպես զենքի տեսակ է, որով հանգիստ կարելի է ոչնչացնել մարդկանց»,-զգուշացնում է խոհարարը։ Նա հորդորում է արտերկրից անհայտ ծագման ու անհայտ բաղադրիչներով սնունդ ներմուծող գործարարներին իրենց գումարները ծախսել տեղում՝ հայկական համեղ ու օգտակար բանջարեղենի աճեցման վրա։ Դրանով կխրախուսվի նաև հայկական կերակրատեսակների օգտագործումը։