Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները հանրահավաք և երթ կանեն

Քաղաքականություն
shagam

Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերների կոչը ազատամարտիկներին. Սիրելի՛ ազատամարտիկներ, ձեզնից շատերը հերոսացան Արցախյան ազատամարտի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ, սակայն կարծում ենք, որ հերոս համարվելու համար բավարար չէ միայն պատերազմի ժամանակ վտանգել սեփական կյանքը հանուն ժողովրդի, այլ նաև պատրաստ լինել խաղաղ պայմաններում պայքարել հանուն ժողովրդի բարեկեցության և արդար ու արժանապատիվ կյանքի։ Ցավոք սրտի խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին, քանի որ նրանք ստիպում են մարդկանց ազատ մտածել, հասկանալ իրենց էությունը, դադարել վախենալ և դրանով խարխլում հանցավոր իշխանության հիմքերը։ Խաղաղ ժամանակների հերոսներին այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների և ազատազրկում քաղաքական դրդապատճառներով։ Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ ևս 5-ով։ Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը։ Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ում համար թանկ է մեր հայրենիքի և ժողովրդի ապագան, ովքեր անտարբեր չեն խաղաղ ժամանակի հերոսների ճակատագրով, ում համար թանկ է հայ ֆիդայու պատիվն ու արժանապատվությունը, մասնակցել ս․թ․ ապրիլի 17-ին ժամը 18.30-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին և երթին։ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 ազատամարտիկներ 15 ապրիլ 2015