Ովքե՞ր են մեր վետերանները՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյա՞նը. ո՞վ սահման կգնա (տեսանյութ)
Նրանք, ովքեր պանիկայի մեջ են, թե երիտասարդ զինվորը չի կարողանում պահպանել սահմանը՝ անշնորհակալ են. այսօր հայտարարեց ԳՄ պատգամավոր Ազատ Արշակյանը. «Մենք պետք է փառք տանք մեր բանակին, որ ունենք անկախ Հայաստան»։ Պարոն Արշակյանի կարծիքով՝ վետերաններին ուղարկել բանակ՝ նշանակում է անվստահություն երիտասարդների նկատմամբ: Նա համոզված է՝ տարեցները միայն կխանգարեն երիտասարդներին. «Ես էլ եմ նրանցից մեկը ու համոզված եմ՝ ես այսօր երիտասարդի նման էս եղանակային պայմաններում չեմ կարող գործել»: Ազատ Արշակյանը առաջարկում է վետերաններին ուղղակի հարգել, նրանց հրավիրել հանդիսությունների, պարգեւատրել, բայց ոչ ավելին: Պայմանագրային զինծառայողներին շարքայինների փոխարեն սահման ուղարկելը նույնպես ոչինչ չի փոխի՝ վստահ է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Պայմանագրային զինծառայությունը ոչինչ չի փոխի, որովհետեւ առաջին գիծ կգնան ոչ այդքան շատ պատրիոտները, այլ սոցիալական ծանր խնդիր ունեցողներ։ Այսօր էլ սահմանին կանգնած են շարքայիններ, ովքեր իրենց ընտանիքի միակ զավակն են ու ծայրագույն ծանր սոցիալական վիճակում են գտնվում»։ Տիկին Խառատյանը խոսելով առաջարկի մասին, թե պետք է սահման գնան նաեւ վետերանները, ասաց. «Բայց ովքեր են մեր վետերանները՝ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյա՞նը, իրանց մեդալներին նայեք, կրծքներին տեղ չկա։ Իսկ ես վետերան եմ տեսել, որ մի քանի օր հաց չի կերել։ Դե պարզ է, թե սահման նրանցից ով կգնա»։ Այսօր ՊԲ-ն բազմաթիվ բացեր ունի։ Դրանցից մեկը, ըստ ազգագրագետի, այն է, որ համատարած բանակ են զորակոչվում հիվանդություններ ունեցող երիտասարդները. «Հենց զորակոչ է լինում, մյուս օրը հոսպիտալները լցվում են երեխեքով։ Սա նորմալ չէ»։