Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդոր կառավարությանը՝ «խոշորներին բացահայտեք ձեր լծակներով» (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar2

«Փաստաթղթաշրջանառության խնդիրը տնտեսվարող սուբյեկտների վրա շատ ավելի ծանր է դրված, քան այն տոկոսների իջեցումը, որը արտոնության տեսքով ստանում են դրանից, և այնուհետև օգտվում են 1 տոկոս վճարման հնարավորությունից ։ Սա փաստում է նաև այն հանգամանքի մասին, որ այդ դժվարությունները կանդրադառնան նաև նրանց բիզնեսի վրա ՝ այն թղթաշրջանառության վրա, որով նրանք ստիպված են լինելու զբաղվել, հաշվապահներ ներգրավել, ամեն անգամ այդքան փաստաթղթաշրջանառությամբ զբաղվել և այլն»,- նշում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ բացասական ռիսկեր է իր մեջ պարունակում Կառավարության կողմից ընդունած «Շրջանառության հարկի մասին» օրենքը։ Ըստ տնտեսագետի՝ այդ հանգամանքներից ելնելով էլ ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար առավել նախընտրելի է վճարել այդ նախատեսված 3.5 տոկոսը, և չօգտվել այդ արտոնությունից։ Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝ նման օրենք ընդունելուց առաջ նախ հարկավոր էր հարցումներ իրականացնել այդ ոլորտում։ «Հարցումների ընթացքում պարզվում է, թե այդ տնտեսվարողը ինչպիսի խնդիրներ ունի։ Նման պարագայում, եթե ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվում, և առանց խնդիրը հասկանալու կաբինետում նստած նման որոշում ես ընդունում և պարտադրում ես, դա, բնականաբար, հանգեցնելու է բողոքի ալիքի»,-ասաց նա։ Ավելին, ըստ տնտեսագետի՝ ընդհանրապես պետք է մոռանալ այդ փոքր և գերփոքր բիզնես ունեցողներին, պետք է նրանց հանել հարկային դաշտից՝ թողնելով նրանց հանգիստ աշխատեն, իսկ երբ կհասնի մի մակարդակի, որ արդեն պետք է հարկեր վճարեն, ուրեմն այդ ժամանակ թող հարկային դաշտ մտցնեն նրանց։ «Նրանց գործունեությունը այն աստիճանի մեծ չի, ընդամենը իրենց տան ընտանեկան խնդիրներն են լուծում, որպեսզի նրանք դեռ մի բան էլ փաստաթղթավորման գործընթաց անցնեն»։ «Փոքրին խոշորի դեմ չեն հանում, քանի որ փոքրը խոշորի դեմ պայքարելու ոչ լծակ ունի, և ոչ էլ ցանկություն։Նա չի ուզում այդ համակարգի մեջ իր խնդիրներն ավելացնի և այդ տեսանկյունից պետք չի խոշորին ու փոքրին հակադիր շահերի մեջ մտցնել։ Խոշորների դեմ ունեք լծակ, նրանց ձեր իսկ միջոցներով բացահայտեք»։