Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքից հեռացել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ Վլադիմիր Հայրապետյանը

Հասարակություն
10

Հունվարի 8-ին 87 տարեկան հասակում մահացել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ, ՀԽՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը՝ Վլադիմիր Կարպովիչը, ինչպես իրեն հիշում են և դեռ երկար տարիներ կհիշեն Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի իր գործընկերները և անթիվ-անհամար ուսանողները: Վ.Հայրապետյանը ծնվել է 1927 թ. Նախիջևանի ԻԽՍՀ Ջուլֆա քաղաքում, որտեղից 1930 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան: Դպրոցական տարիներին ցուցաբերելով փայլուն և բազմակողմանի ընդունակություններ՝ նա դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտ, իսկ այնուհետև տեղափոխվում է նոր բացված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ և 1950թ. դառնում վերջինիս առաջին շրջանավարտներից մեկը: Թե՛ գերազանցության դիպլոմը և թե՛ դրա հիմքում ընկած խորը ակադեմիական գիտելիքների հարուստ պաշարը կանխորոշեցին Վ.Հայրապետյանի՝ մանկավարժի, գիտնականի հետագա մասնագիտական ուղին: Այդ առաքելությանը նա ծառայել է կես դարից ավելի՝ 1955թ. ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց ի վեր: 1955թ. սկսած՝ Վ.Հայրապետյանի ողջ աշխատանքային ուղին կապված է եղել Վ.Բրյուսովի անվան ինստիտուտի/համալսարանի հետ, որտեղ նա աշխատել է սկզբում որպես լաբորանտ, ապա դոցենտ, պրոֆեսոր, տնտեսագիտության ամբիոնի վարիչ, այնուհետև ուսումնական գծով պրոռեկտոր: Այդ ուղին եղել է առավել քան բեղմնավոր, բայց ոչ անամպ. իր ողջ կյանքում Վ.Հայրապետյանին ուղեկցել և «խանգարել» է անդավաճան սկզբունքայնությունը՝ թե՛ որպես վարչական աշխատողի և թե՛ որպես գիտնականի: Որպես գիտնական կայանալով խորհրդային հասարակագիտության կոշտ գաղափարախոսական կապանքների պայմաններում՝ նա վեր էր ակադեմիական կարծրատիպերից: Իր գիտական աշխատություններում և հրապարախոսական հոդվածներում նա առաջ էր քաշում տնտեսագիտական այդ տարիների համար այնպիսի հանդուգն գործնական դրույթներ, որոնց նշանակությունը և արժեքը գնահատելի են դառնում միայն ժամանակակից տնտեսական զարգացումների լույսի ներքո: Նա մտավորական էր այդ բառի անբիծ իմաստով. այն է` անտարբեր չէր աշխարհում և հատկապես իր կողմից անչափ սիրված Հայաստանում բոլոր իրադարձությունների հանդեպ: Նա չէր կարող և չէր ուզում լռել, հանդես էր գալիս մամուլում սուր, երբեմն անողոք հոդվածներով և դրանում տեսնում էր իր քաղաքացիական պարտքը: Նա զուսպ էր, բայց և զգացմունքային, խստապահանջ (առաջին հերթին ամենամտերիմների` իր որդու, երկու դստեր և յոթ թոռների նկատմամբ), միևնույն ժամանակ հոգատար ամենքի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի փոթորիկների միջով և վայելեց իրեն շրջապատող մարդկանց անսպառ սերն ու մնայուն հարգանքը: