Թարգմանչական բառարանը կօգնի պահպանել մայրենին (տեսանյութ)
«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն տնօրեն, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի ղեկավարությամբ, Հայաստանում իրականացրել է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական 10 օտար ՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թալիշերեն, լեզգիերեն, լատիներեն, քրդերեն լեզուներով առցանց բառարանների մշակում և այն համացանցում արդեն հասանելի է www.translator.am հասցեով։ Քանի որ նշված համակարգն իր չափերով այսօրվա դրությամբ ամենածավալունն է և կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք ճշգրտելու Լեզվի պետական տեսչության կողմից։ Այդ իսկ պատճառով հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման գործառույթը ստանձնել է լեզվի պետական տեսչությունը: ԿԳՆ աշխատակազմի լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ սա զուտ հասցեական ծրագիր է՝ ուղղված հայերին, այսինքն այն մարդկանց, ովքեր այսօր ամենատարբեր պատճառներով չեն կարող հաղորդակցվել իրենց մայրենիով,բայց այս միջոցով կարող են պահպանել իրենց լեզուն։ «Հուսով եմ, որ այս տարբեր միգրացիոն և այլ երևույթների առկայության պայմաններում, նրանք ովքեր ուզում են պահպանել իրենց մայրենին, այս համակարգը կարող է նրանց օգնության գալ»,-ասաց Սերգո Երիցյանը։ Վերջինս նաև նշեց, որ այս նախաձեռնությունը ինչ-որ կերպ նորություն է նաև, և հայրենասիրական ջիղ ունի։ Բառարանների հեղինակ Էդիկ Մանուկյանն էլ իր հերթին հավելեց, որ բառարանում կա ներդրված նաև այբբենարան. «Ի տարբերություն էլեկտրոնային սովորական բառարանների, այս բառարանը ունի նաև աուդիո տարբերակ. ով չգիտի, թե որ տառն է նշված բառարանում, կարող է ձայնային տարբերակով լսել այն»։