Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ ազատազրկվածը հացադուլ է սկսել

Հասարակություն
3_1366357135

Ցմահ ազատազրկման դատապարտված Արման Իսկանդարյանը երեկվանից Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Մանյա Հովսեփյանը, Արման Իսկանդարյանը այս կերպ իր դժգոհությունն է արտահայտում։ Վերջինս իր մի ոտքը կորցրել է Արցախյան պատերազմում եւ հիմա ոչ ձեռնափայտ ունի, ոչ պրոթեզ։ Մոր խոսքով՝ որդին բազմիցս դիմել ՔԿՀ բժիշկներին, որպեսզի իր ոտքին հարմար պրոթեզ հատկացնեն, սակայն դիմումները մնացել են անպատասխան։ «Անասունի հետ այդպես չեն վարվում, ինչպես մարդու հետ վարվում են բանտում»,- հեկեկալով պատմում էր նրա մայրը։ Մոր խոսքով՝ բժիշկները հայտարարել են, որ Արմանը դիտավորյալ է կոտրել ձեռնափայտը, սակայն այդպիսի բան չկա. «Ինչի՞ պետք է իմ որդին նման բան աներ, որ չկարողանա՞ր տեղաշարժվեր եւ իր կենցաղային հարցերը հոգար»,- հարց է տալիս մայրը եւ նշում, որ արդեն 13 տարի է՝ որդու հետ միասին տառապում են, որդին՝ անազատության, իրենք ազատության մեջ։ Արցախյան պատերազմի մասնակից Արման Իսկանդարյանը 2001-ին՝ 25 տարեկան հասակում, դատապարտվել է մահապատժի՝ առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու համար։ Իսկ 2003 թ-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։