Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սայաթ-Նովա 10-ում վեճերը չեն դադարում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
6e8920057d4776f65627f2c7af914181

Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ Ալբերտ Սարգսյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին` պահանջելով անօրինական ճանաչել և կասեցնել բակում իրականացվող բազմաֆունկցիոնալ կառույցի շինարարությունը, որը, ըստ նրա, լրիվ անօրինական է և հակասում է գործող օրենսդրությանը. «Մենք ասում ենք մեզ պիտի քննարկման հրավիրեիք»,- նշում է բնակիչը: Գործը դատարան է հասել բնակիչների երեք ամսից ավելի ընթացող պայքարի արդյունքում։ Կառուցապատողի հետ բնակիչները ընդհանուր հայտարարի չեն եկել։ Այսօր առավոտյան էլ բնակիչների վեճը կառուցապատողների հետ բորբոքվել էր։ Պատասխանողի դերում «Լարկո գրուպ» ընկերության շինարարության ղեկավար Կարեն Աբգարյանն էր: Բնակիչները ահազանգում են, որ բազմաֆունկցիոնալ շենքը նախատեսվածից ավելի մեծ տարածք է զբաղեցնելու. «Այսօր էլ տեսանք, որ էս կանսոլները կախեցին, գալիս են առաջ, փողոցը փակում են: Մարդ ոչ շինարար է պետք լինի, ոչ էլ ճարտարապետ, մենակ տարրական բանականություն պետք է ունենա, որ հասկանա՝ այս շենքը այստեղ չպիտի կառուցվի»,- ասում է նրանցից Գոհար Բյուրեղյանը, իսկ մեկ այլ բնակիչ Անաիդա Հովսեփյանը հավելում է. «Վարագույրներս ամբողջ օրը փակված են, պատուհան չեմ կարող բացել, լվացք չեմ կարող փռել, ես չգիտեմ` ինչքան պետք է այսպես բանտարկված ապրեմ»: Կառուցապատողն էլ մեղադրում է բնակիչներին իրենց աշխատանքներին խոչընդոտելու համար: Նա նշում է, որ շինարարությունը օրինական է, ու ամեն ինչ ընթանում է համաձայն հաստատված նախագծի. «Շենքը դիմացից 80 սմ առաջ է գնալու, իսկ ետևից՝ 2 մետր: Երբ որ նայենք, կտեսնենք, որ նույն բողոքող բնակիչները 6 մետր առաջ են եկել իրանց շենքից, բացի այդ, դիմացի գարաժներն են անօրինական, երբ որ իրենք սարքում էին, ոչ ոք ոչինչ չասաց, իսկ մեր շենքը, որ եկել ենք, սարքում ենք, օրենքի սահմաններում, բոլորը դեմ են»,- ասաց շինարարության ղեկավար Կարեն Աբգարյանը: Այս շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու հայցը Վարչական դատարանը կլսի այսօր, ժամը 17-ին։