Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսներն ավելի ընթերցասեր են, քան հայերը» (տեսանյութ)

Հասարակություն
books1

«Հայ գրականությունը երեխաների համար այլևս հիացմունքի, վերլուծության և հետաքրքրության առարկա չէ: Վիճակը ուղղակի աղետալի է»,- այս մասին այսօր Հայաստանում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Իսկ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն էլ հակադարձեց. «Ես կարծում եմ, որ ընդհակառակն է. գրքի դերը բարձրացել է, որովհետև էդ տուփերը, որ դնում ենք մեր տներում և սեղմում ենք կոճակները, բոլոր դեպքերում ընթերցանություն է: Հիմա ես գրքից եմ կարդում, թե համակարգչից՝ էական չի: Կարևորն այն է, որ կարդում եմ»: Որպես ընթերցասեր հասարակություն Աբգար Ափինյանը առանձնացրեց ռուսներին: «Դուք մտեք ռուսական գրախանութներ: Ուղղակի իրար հերթ չեն տալիս: Բացառված է, որ որևէ մեկը գրախանութից դուրս գա մեկ գրքով. դա ամոթ է»: Պարոն Ափինյանի խոսքով` դա հնարավոր է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի արդյունքում. «Այդ հրամանագրում նշված է 100 գրքի անուն, որոնք պարտադիր են բոլորի համար: Այսինքն` պետությունը գրքին տեր է կանգնում»: Երվանդ Մանարյանն էլ նշեց, որ մեր հիմնական խնդիրը ուրիշների օրինակներին հետևելն է. «Մենք մեր քայլերը միշտ անում ենք ուրիշ երկրների չափանիշներով. Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա: Սակայն մենք չունենք նրանց հնարավորությունները: Նրանց համեմատ մեր երկիրը մի փոքրիկ մարզ է»: