Ազատամարտիկի կյանքը վտանգի տակ է (տեսանյութ)
Հայկական բանակի տոնը ազատամարտիկ Արտաշես Հակոբյանի կյանքում ամենակարեւոր օրերից է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ինքը` Արտաշեսը: «Ամեն ինչի համար պարտավոր ենք մեր հերոս ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքը տվեցին էս օրվա համար»: Ազատամարտիկը 5-րդ բրիգադի կազմում կռվել է Մարտակերտի, Լաչինի, Գորիսի, Շամշադինի, Շահումյանի, Նոյեմբերյանի շրջաններում: Նա արժանացել է «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, սակայն մինչ օրս չունի ազատամարտիկի կարգավիճակ։ Մինչ պատերազմի մեկնարկը զինվորական կրթություն էր ստանում Ռուսաստանում: «Լինելով պրոֆեսիոնալ զինվորական՝ Արցախյան գոյամարտի ժամանակ որոշեցի հետ գամ՝ որպես հայրենիքիս պաշտպան»։ Նա զինադադարի կնքումից մեկ տարի հետո, իր խոսքերով, առանց որեւէ պարզաբանման հեռացվել է բանակից: «Ես 95 թվականից 2001 թվականը փորձեցի վերականգնել իմ զինվորական կոչումը, բայց աստիճանազրկեցին որպես շարքային»։ Աշխատանքը կորցնելու, ծանր ապրումների հետեւանքով ազատամարտիկը սրտի մի քանի կաթված է ստացել և այժմ նա վիրահատության կարիք ունի: 2009 թվականին բանակ է մեկնել Արտաշեսի որդին: Նրան խորհուրդ են տվել վիրահատվել որպես զինծառայողի հայր, իսկ առողջապահության նախարարությունը, որպես ազատամարտիկ կարող է ընդամենը 300.000 դրամով օգնել։ Սակայն այս գումարը անհրաժեշտ վիրահատության ընդամենը մի չնչին մասն է կազմում: Վիրահատության համար անհրաժեշտ է 2.5 միլիոն դրամ: Ազատամարտիկի կյանքը շարունակվում է վտանգված մնալ: «Իմ ապրել կամ չապրելը արդեն 50-50 է, կախված է իմ սրտի վիրահատությունից»։ Ի դեպ, ազատամարտիկն ապրում է եղբոր բազմանդամ ընտանիքի հետ՝ փոքր բնակարանում։ Այսօր նա նույնիսկ սեփական տանիք չունի։