Հակառակորդի գնդակից վիրավորվածի վիճակը լավ է
Երեկ երեկոյան Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորված 16-ամյա Լիանա Անիկյանի առողջական վիճակը լավ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 16-ամյա աղջիկը այս պահին գտնվում է Բերդի հիվանդանոցում, գնդակը դիպել էր աղջկա ազդրին։ Վերջինս այդ պահին եղել է տանը։ Թշնամին կրակել էր Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի եւ Չինարիի վրա։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ողջ գիշեր հատվածաբար հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ են արձանագրվել, սակայն դրանք անպատասխան չեն մնացել։ Անդրադառնալով Այգեպարի գյուղապետի այն հայտարարությանը, թե գյուղի կեսը զինված է, եւ սպասում են հրամանատարին, որ գործեն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք գյուղացիների արիությանը չենք կասկածում, բայց դրա կարիքը չկա, բանակն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կլուծի»։