Մայր տաճարի գմբեթի խաչն օծվեց եւ վերատեղադրվեց (видео)
Поддержи А1+!Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Քանի որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը։ Տաճարի հին խաչը, որը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։ Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։ Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվեց Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվեց և տեղադրվեց տաճարի գմբեթին։ Տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։