Մեդիա կենտրոն. Ֆիլմի քննարկում Վանաձորում (видео)
Поддержи А1+!«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակում (քաղաք Վանաձոր, Մյասնիկյան 12/40) կցուցադրվի «Գալիչինայի երեք պատմություն» ֆիլմը: Ցուցադրությանը կհաջորդի քննարկում, որին Վաշինգթոնից տեսազանգով կմիանա ֆիլմի համահեղինակ Օլհա Օնիշկոն: Քննարկման մյուս բանախոսներն են. Արթուր Մելիքյանը՝ պատմական գիտությունների թեկնածու, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Սիրանուշ Դվոյանը՝ Երևանի պետական համալսարանի Հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի դասախոս, Արմինե Զաքարյանը՝ «Խաղաղության երկխոսության» ՀԿ ծրագրերի համակարգող, Ֆիլմի մասին. Հրեա, ում ընտանիքը որոշում է փրկել իր ամենաոխերիմ թշնամու կյանքը: Ուկրաինուհի, ով սեփական երեխաներին զոհեց` հայրենիքը փրկելու համար: Լեհ քահանա, ով վտանգեց ամեն ինչ` աղանդների հանդեպ ատելության դեմ պայքարելու համար: Բոլորն ապրում էին մի տեղում, որտեղ Երկրորդ աշխարհամարտն այդպես էլ չվերջացավ, ու զավակներն իրենց պապերի բեռն էին շարունակում կրել: Այդ տեղանքը կոչվում էր Գալիչինա: Գալիչինայում ապրող մարդիկ հրեաներ էին, ուկրաինացիներ և լեհեր: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, Գալիչինան հայտնվեց Հիտլերի Երրորդ ռեյխի և Ստալինի Կարմիր բանակի միջև: Երկու կողմն էլ, ուկրաինացիների, հրեաների և լեհերի միջև ատելություն սերմանելով, իրենց շահերն էին հետապնդում: Համատարած չարիքի մեջ, որտեղ վստահությունը կորցրել էր իմաստը, մարդկային կյանքն էլ արժեք չուներ, գտնվեցին նրանք, ովքեր իրենց ունեցած ամենաթանկը զոհեցին` անելու համար այն, ինչ ճիշտ է և ոչ թե հեշտ: Ժամանակակից պատմության մեջ շրջադարձային իրադարձությունների ֆոնին «Գալիչինայի երեք պատմությունը» բացահայտում է մարդկանց, ովքեր զոհեցին իրենցը ընդհանուրի համար: Ֆիլմը «Մեդիա կենտրոնին» ցուցադրության համար տրամադրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: