Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Բավական» ֆիլմի քննարկում (видео)

Հունիսի 27-ին` ժամը 18:00-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմի ցուցադրությունը եւ հաջորդող փորձագիտական բաց քննարկում: Բանախոսներն են` ֆիլմի հեղինակը՝ Ադրինե Գրիգորյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Թեհրանի համալսարանի անտրոպոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ Էմիլյա Ներսիսյանը, «Ուտոպիանա» ՀԿ ներկայացուցիչ, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը, Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, Բժշկական գիտությունների թեկնածու, ՀՀ Առողջապահության Ինստիտուտի գինեկոլոգիայի և մանկաբարձության ամբիոնի դոցենտ, թիվ 3 բժշկական կլինիկայի էնդոսկոպիկ և վերասկանգնողական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Բագրատ Մկրտչյանը, կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը, Save the Children ՀԿ-ի ծրագրերի իրականացման գծով ղեկավար, առողջապահության ոլորտի մասնագետ Իռեն Սարգսյանը եւ ներկայացուցիչ ՀՀ առողջապահության նախարարությունից: Մասնակիցների ցանկը համալրվելու է: «Բավական»-ն անդրադառնում է Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների տարածվածությանն ու պատճառներին: Հայ հասարակության տողամիջյան շերտերում ապրում է մի իրականություն, որտեղ կնոջ ընտրության իրավունքն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ընտանիքին արու ժառանգ պարգևելու նրա անքննելի առաքելությունը: «Բավական» վավերագրական ֆիլմն ուսումնասիրում է այս իրականությունը` չորս կնոջ պատմության արտացոլմամբ, ովքեր ստիպված են եղել դիմել հղիության արհեստական ընդհատման, որովհետև երեխան, որ պիտի ծնվեր, աղջիկ էր: