35 մլն խորանարդ մետր ավել ջուր բաց կթողնվի Սևանից (видео)
Поддержи А1+!Հայաստանի կառավարությունը հերթական անգամ խախտել է Օրհուսի միջազգային կոնվենցիան: Սևանից բաց թողնվող ջրաքանակը 35 մլն.խորանարդ մետրով ավելացրել է առանց հասարակության և մասնագետների հետ քննարկման: Այսօր մեկ անգամ եւս ահազանգեցին բնապահպանները: Սևանից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով կառավարությունը 2012 թ. ապրիլի 26-ին որոշում էր կայացրել, որով պետք է 169 մլն. խորանարդ մետր ջուր բաց թողնվեր։ Կառավարությունումն երեկ այդ որոշումը փոփոխության է ենթարկվել և դրա փոխարեն սահմանվել է մինչև 204 մլն խորանարդ մետր։Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը վստահեցնում է, որ արդեն սպառվել է բացթողնվելիք 169 մլն խորանարդ մետր ջուրը: Էկոլոգիական դաշինքը մի քանի վարկած ունի, թե ինչու է կառավարությունը փոփոխել որոշումը: «Մենք չունենք ոչ մի որոշում, որը վերաբերվում է ապագա ապամոնտաժվող օբյեկտների տերերի փոխհատուցմանը, այսինքն՝ մենք վարկած ունենք, որ փոխհատուցումը չպետք է տան, բայց մարդիկ հույս ունեն, որ պետք է տան։ Մեր 2-րդ վարկածն այն է, որ կառավարության որոշմամբ երեք անգամ շատ ձկնաբուծարանները պետք է ավելանան, դա նշանակում է, որ 3 անգամ շատ ջուր պետք է բացթողնվի»,- ասաց Ինգա Զառաֆյանը։ Ըստ բնապահպանների կառավարությունը չի հասցնում մաքրել լճի շրջակայքի տարածքները, որը նույնպես մեծ սպառնալիք է լճի էկոհամակարգին: Նրանք ևս մեկ անգամ հիշեցրին, որ Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է, որը համապատասխան ռեակցիա է տալիս իր ներսում կատարվող յուրաքանչյուր երևույթի: