Գալուստ Սահակյանը անդրադարձավ Հարսնաքարի դեպքերին (видео)
Поддержи А1+!ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հասկացել է, թե ինչու են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և Ժառանգությունը դեմ քվեարկել կառավարության ծրագրին։ «Պատճառը քաղաքական նեղսրտվածությունն է։ Ծրագիրը դեռ չտեսած՝ արդեն հայտարարել էին, որ իրենք դեմ պետք է լինեին։ Այսինքն ոչ թե ծրագիրն էին քննադատում, այլ իշխող կուսակցության կամ իշխանությունների դեմ ակցիա էին կատարում»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։ Գալուստ Սահակյանը կողմ է ոչ թե կոնկրետ անհատների, այլ երևույթների դեմ քննադատությանը։ Նրա խոսքն առաջին հերթին ուղված է ՀԱԿ-ին։ «Մարդիկ եկել են միտինգային պրոցեսներից Ազգային ժողով, եկել են կառավարությանը, իշխանություններին քննադատելով։ Ես պետք է սպասեի, որ ընդդիմությունը գուրգուրե՞ր իշխանություններին», - ասաց Գալուստ Սահակյանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր անդրադարձավ նաև իր կուսակից Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին։ «Ամենայն խստությամբ պատժվելու են այդ գործողությունները կատարողները։ Մասնավորապես, որ այդ վերաբերմունքը դրսևորվել է ոչ միայն ՀՀ քաղաքացու, այլև բանակի զինվորի դեմ։ Սա մեր ազգի համար մի քիչ ավելի բարձր կատեգորիա է»,- ասաց պարոն Սահակյանը։ Պարոն Սահակյանը մեկնաբանեց նաև իր գործընկերների թիկնապահներ ունենալու երևույթը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շտապեց հայտնել, որ երբեք թիկնապահ չի ունեցել։ Թիկնապահ կունենա միայն այն ժամանակ, երբ իր դեմ մահափորձ կատարվի։ «Երբ քաղաքական գործիչը օգտվում է այդ ծառայությունից, նա դադարում է քաղաքական գործիչ լինել։ Բայց մարդիկ կան, որոնք իրոք վտանգված են։ Այս տարիների ընթացքում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ մի քանի անգամ մահափորձ է կատարվել. բնական է, որ նա պետք է անվտանգության աշխատողներ ունենա»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեղավարը։ Ինչ վերաբերում է օրերս ԱԺ-ի մոտ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ՀԱԿ ակվիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպին, պարոն Սահակյանը հայտարարեց, թե տեղյակ չէ։ «Վարդգես Գասպարի եք ասում, թե Գասպար Վարդգեսի եք ասում, եթե մուտքի մոտ ինձ էլ հայհոյի, ես էլ պետք է բրդեմ- գցեմ։ Դրա համար ասում եմ՝ այս միջադեպից տեղյակ չեմ և չեմ կարող վերլուծել»,- ասաց Գալուստ Սահակյանը։