Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Թանգարան այգու փոխարեն (видео)

Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչները չեն պատրաստվում հրաժարվել իրենց իսկ բառերով՝ կանաչ դրախտից: Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ այգում, որը կրում է Նանսենի անունը, պետք է կառուցվի մեծ հայասերի թանգարանը: «Ընդհանրապես, որևէ փաստարկ չկա, որ այս գործընթացն անցել է օրինական հիմքերով, այսինքն անց են կացվել հանրային լսումներ, որովհետև սա հանրային զբոսայգի է»,-ասաց բնակիչներից Աննա Շահնազարյանը։ Այգու հարակից շենքերի բնակիչները մտահոգված են, քանի որ ոչ վաղ անցյալում ականատես են եղել, թե ինչպես հանրային կառույցի անվան տակ, ռեստորանային համալիր եւ սրճարան է կառուցել նույն այգու տարածքում: 5 օր շարունակ շինարարություն իրականացնող բանվորները հավատացնում են, որ ոչ մի ծառ, անգամ ծաղիկ չեն վնասել եւ շարունակելու են իրենց աշխատանքները: Մեր նկարահանման պահին այգի ժամանեց «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, ով հայտնեց, որ թանգարանը կառուցվում է այն հատվածում, որտեղ պետք է լիներ հայասերի արձանը, որն այդպես էլ չտեղադրվեց: «Որևէ հայ եթե այսօր դիմադրի, նա կմնա հայ ժողովրդի պատմության մեջ որպես ոչ լավ մարդ»,- հայտարարեց նա։ Բնակիչների ասելով՝ թանգարանի շինարարությունն իրականացնում են Սառա և Կառլեն Եսայանները, ովքեր թանգարանի հովանավորներն են: Նրանց որդիներից մեկը` Լազար Եսայանը, ատամնաբույժ է եւ Նանսենի այգուն հարակից ատամնաբուժական կլինիկայի սեփականատերն է: Բնակիչների կարծիքով՝ Եսայանները բարեգործության քողի տակ զավթում են իրենց այգին: Անմիջապես շինարարության հարևանությամբ քաղաքացիական ակտիվիստներն ու բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել՝ շինարարությունը կասեցնելու համար: