Կոզեռնի բնակիչները չգիտեն թե ինչ է սպասվում իրենց (видео)
Поддержи А1+!Կոզեռն թաղամասի բնակիչներին բանկերը վարկ չեն տրամադրում: Պատճառաբանում են, որ նրանք բնակվում են իրացման գոտում եւ չկա երաշխիք, որ հետագայում վարկը հետ կստանան: Պռոշյան 1 փակուղում կամ Կոզեռն թաղամասում գտնվող տները դեռեւս 1999 թվականից համարվում են պետության բացառիկ գերակա հանրային շահ: Կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ սեփականության օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի հունվարի 1-ը: Բանկ դիմելուց բնակիչներին չի օգնում նույնիսկ անձամբ քաղաքապետի որոշումը, որ «թաղամասի բնակիչների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գրավադրմանը կամ առուծախին որեւէ իրավական խոչընդոտ չկա եւ այդ կապակցությամբ սահմանափակումներ կիրառված չեն»: «Ասում են ներքին զապրետ է դրված, որ Կոզեռնի հետ ոչ մի գործարք չանեն»,- «Ա1+»-ին ասաց թաղամասի բնակիչ Ֆարհադ Մկրտչյանը: «Ոչ մի թուղթ չեն վերցնում, էս է խնդիրը»,- նշեց Սասուն Մշեցյանը: Ըստ նրա` իրենց տները, իրոք, շատ վատ վիճակում են, սակայն վերանորոգման աշխատանքներ չեն կարող սկսել: «Որոշել էի տունս նորոգել, եկան ոստիկաններով, թաղապետարանով գլխիս կանգնեցին, ասացին` իրավունք չունես»,- պատմեց նա: «Օդի մեջ կախված ենք, չգիտենք ո՞նց, ի՞նչ: Ինչ ա, որ մտածում ես, որ հեսա գալու են վաղը վերցնեն, էդ վեկալելու ցավն է: Վախենում ենք նորոգենք պրծնենք, մեր դրած փողը լրիվ հեչ լինի»,- վրդովվեց Ծովինար Ներսիսյանը: Բնակիչներին առավելապես զայրացրել է մեկ հանգամանք: Պարզվում է` իրացման գոտու որոշ առանձնատներ ամենեւին էլ չեն իրացվելու, քանի որ պատկանում եմ հեղինակավոր անձանց: «Շահումյան շրջանի դատավորինը, Հայկ Հարությունյանի մորաքրոջ տղայինը, «ՍԱՍ» տիրոջինը, «Արմենիա» Հ/Ը տնօրենինը. սրանք միանշանակ իրացման գոտում չեն: Իրանք տարածքը գնեցին, սարքեցին: Մենք պլանով տեսել ենք, որ էս տները հաստատ չեն մտնում իրացման գոտում»,- «Ա1+»-ին պատմեցին Կոզեռնի բնակիչները: «Ուղղակի տգեղ է, որ մարդիկ, ովքեր եկել են, 5 տարի ապրել են, բայց նրանց հարեւանությամբ ապրող մարդկանց այսօր շպրտում են դուրս, ասելով, որ իրավունք չունեք այդտեղ ապրելու, քանի որ ձեր տները չեն համապատասխանում»,- ասաց Լուսիկ Պետրոսյանը Նա նաեւ նկատեց, որ մինչ օրս իրենց ոչ ոք տունը գնելու կամ փոխանակելու առաջարկ չի արել. «Միայն նշել են, որ այստեղ ապրում եք որպես համասեփականատեր եւ վերջ»: Ի դեպ, թաղամասը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն: Բնակիչների տեղեկացմամբ, այստեղ կառուցվելու են էլիտար շենքեր, սակայն հայտնի չէ, թե ում համար: