Տրակտորը թանկ հաճույք է Գայ գյուղի համար
Տարվա այս եղանակին Գայ համայնքի բնակիչ Խուրշուդ Քոչարյանն ավելի շատ հարևան համայնքներում է լինում, քան իրենց գյուղում։ Նա հարևան Հայկաշեն, Ակնաշեն գյուղերում գյուղտեխնիկա է փնտրում՝ հողամասում վար ու ցանք անելու համար։ Արմավիրի մարզի Գայ գյուղում գյուղատնտեսական տեխնիկա չկա, և գյուղացիները ստիպված հարևան համայնքներից են օգնություն խնդրում։ Խուրշուդ Քոչարյանի 2 հեկտար հողը խոպան է մնացել գյուղտեխնիկա չլինելու պատճառով. «Ո´չ տրակտոր կա գյուղում, ո´չ կոմբայն: Ոչ մի բան չկա: Առաջ բահով էինք փորում, բայց հիմա ով ա բահով փորում, տեխնիկա է պետք, էդ էլ չկա, պետք է օրերով ման գանք, տենանք՝ որ գյուղում ազատ տեխնիկա կա», -«Ա1+»-ի հետ զրույցում նշեց հողագործը։ Գայ համայնքի բնակիչն ասում է՝ առանց գյուղտեխնիկայի անհնար է հողագործությամբ զբաղվել, իսկ սեփական գյուղտեխնիկա ձեռք բերելը գյուղացու համար թանկ հաճույք է. «Դժվար թե գյուղացին պոմիդոր վաճառելով կարողանա տրակտոր առնի, պետք ա գոնե մի քանի ֆերմերով հավաքվենք՝ կոլեկտիվ տնտեսություն ստեղծենք, փող դնենք- առնենք, էն էլ հլա դրան մենք չենք հասել», - ասում է հողի մշակը։ Գյուղացու խոսքով՝ իրենք ճարահատյալ են հարևան տրակտորիստների առաջարկած բարձր գնի հետ հարմարվում, այլ ելք չունեն. «500 մետր վարելու համար պետք ա 10000 դրամ տաս, սալյարկան առնես. թանկա, բա ինչ ա, մենք էլ ստիպված պետք ա տանք։ Որ հողն էլ չմշակենք՝ սոված ենք մնում», - փաստում է Խուրշուդ Քոչարյանը։ Գյուղացիներից շատերը գտնում են՝ քանի դեռ գյուղտեխնիկան մասնավորի ձեռքում է, այս խնդիրը լուծելն անհնար է: Իսկ ոմանց կարծիքով, եթե համայնքում թեկուզ մասնավոր, բայց բավականաչափ տեխնիկա լինի, նման հարցեր չեն ծագի: Գյուղում ընդհանրապես գյուղտեխնիկան բացակայում է դեռ վաղուց՝ ընդգծում է համայնքապետ Սեյրան Մարկոսյանը։ Նրա փոխանցմամբ՝ խորհրդային ժամանակներից գյուղում եղած տեխնիկան շարքից դուրս է եկել, իսկ գյուղացիներից ոմանք, ովքեր ունեին գյուղտեխնիկա, չկարողանալով ծախսերը հոգալ՝ վաճառել են։ Գյուղապետը վստահեցնում է՝ համայնքի համար ցանկանում է գյուղտեխնիկա ձեռք բերել, սակայն բյուջեն բավարար չէ այն գնելու համար. «Առաջարկում են լիզինգային ծրագրով «Բելառուս» տրակտոր գնենք, բայց դե էդքան փող չունենք»,- տեղեկացնում է Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը։