Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՆԱԽ ԿԱՖԵԻ, ՀԵՏՈ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ

Մշակույթ

Վերջերս Կիպրոսի հյուսիսում, թուրքական օկուպացման գոտում, Կիրենիայի լեռնային հատվածում գտնվող հայկական Սբ. Մակար պատմական վանքը վեր է ածվել «կաֆետերիայի» :

Հյուսիսային Կիպրոսում հրատարակվող թուրքական «Յենիդուզեն» թերթում նշվել է, որ սրճարանի վերածված հայկական Սբ. Մակարավանքի ներկայիս տեր ոմն Դերվիշ Սոնմեզլերը մտադիր է այն վերածել հյուրանոցի:

Սբ. Մակարը հիմնադրվել է դեռեւս 4-րդ դարում ղպտիների կողմից, սակայն հետագայում անցել է հայերին եւ դարեր շարունակ եղել է հայկական սրբավայրերից մեկը: Լինելով Անթիլիասի կաթողիկոսության իրավասության ներքո` Սբ. Մակարավանքը սերտ հարաբերություններ է պահպանել նաեւ Սբ. Էջմիածնի հետ: Մինչեւ Կիպրոսի հյուսիսային մասի թուրքական օկուպացիան եկեղեցին Կիպրոսի հայ համայնքի սիրված վայրերից մեկն էր, սակայն այժմ լքված է եւ անմատչելի է քրիստոնյա հավատացյալների համար:

Եկեղեցու ձեռագիր մատյաններն ու սրբապատկերները թալանվել ու վաճառվել են, եւ միայն Կիպրոսի Հանրապետության, հայ եկեղեցու եւ միջազգային կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կանխել միջազգային իրավունքի հիշյալ կոպիտ ոտնահարումը: