Գյումրիում բացվեց գերժամանակակից համակարգչային լսարան
Գյումրու «Ֆոտոն» վարժարանում այսօր Samsung ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ներդրել է Smart School (խելացի դասասենյակ) ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ կապ` ուսուցչի և աշակերտի միջև: Միջոցառմանը ներկա նախարար Արմեն Աշոտյանը և Samsung Electronics ընկերության ներկայացուցիչները մասնակցել են դասասենյակի բացմանը, ծանոթացել ծրագրի մանրամասներին, զրուցել աշակերտների հետ: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Samsung Electronics ընկերությանը նվիրատվության համար` նշելով. «Սա համաշխարհային լավագույն և ամենաժամանակակից կրթական տեխնոլոգիան է, որն այսօր հասանելի է ընդհանրապես որևէ դպրոցում: Ուրախալի է, որ Հայաստանում առաջին գերժամանակակից համակարգչային լսարանը բացվեց հենց Գյումրիում և հանրապետության լավագույն դպրոցներից մեկում: Մենք կարևորում ենք գերժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացումը և կիրառումը կրթության մեջ: Այն է` անհատական մոտեցումից մինչև ինտերակտիվ, պարապմունքային ձևեր երեխայի մոտ խթանել կրթության հանդեպ ցանկությունը, հետևել յուրաքանչյուրի առաջադիմությանը, վերլուծել թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև միանգամից ստանալ գնահատական: Իհարկե, հաճելի և հետաքրքիր է նման լսարաններում անցկացնել դասը, և ես հույս ունեմ, որ Samsung-ի հետ մեր համատեղ գործունեությունն այս ծրագրով միայն մեկնարկում է: Նշեմ, որ մեր բուհերն անգամ չունեն նմանատիպ լսարաններ. հաջորդ նմանատիպ դասասենյակը կբացվի ԵՊՀ-ում, հետո մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում` գուցե մյուս ուսհաստատություններում ևս: Ասել, որ պետության միջոցով կարելի է գնել նմանատիպ դասասենյակ, դեռ վաղ է, իսկ նվեր ստանալ` մեծ հաճույքով: Համոզված եմ, որ «Ֆոտոնի» սաները, ովքեր տարիներ շարունակ միջազգային և հանրապետական օլիմպիադաներում համարվել են մեդալակիրներ, այս ծրագրի շնորհիվ ավելի մեծ պատիվ կբերեն իրենց դպրոցին և իրենց հաջողությունները կգրանցեն մեր ընդհանուր հաջողությունների գրքում` որպես տեխնիկական կրթության առաջընթացի դրսևորումներից մեկը»,-նշել է նախարարը` կարևորելով սոցիալական պատասխանատվության շրջանակներում Samsung-ի նման աշխարհահռչակ ընկերության` նաև Հայաստանի կրթական համակարգում ներդրումների կատարումը: ԿԳՆ