Վիրտուալ զբոսանքից մինչեւ հեռախոսակապ Եվրոպա (տեսանյութ)
Կարաոկե, պարեր, երաժշտա-թատերական ներկայացումներ, համերգային ամենատարբեր ծրագրեր`ջազ, երգչախմբային երգեցողություն, դասական ու ժողովրդական երաժշտություն և անգամ երաժշտություն առանց հպման: Եվ այս ամենը մայրաքաղաքի թանգարաններում: Վաղը մինչ կեսգիշեր կարող եք շրջել նախընտրած թանգարաններով, քանի որ Հայաստանը տասներորդ անգամ միանում է Թանգարանների միջազգային խորհրդի հովանու ներքո կազմակերպվող «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը: Այս տարի Հայաստանի ու Արցախի 100 թանգարանի մուտքն ազատ կլինի: Որոշ թանգարաններ էլ բաց կլինեն նաև մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը։ Մնում է ծանոթանալ «Թանգարանային գիշեր» ծրագրի բոլոր մանրամասերին, ընտրել և այցելել, ասենք Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, կամ ճաշակել «Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով», կամ թե գնալ Փարաջանովի տուն- թանգարան, որն ի դեպ անցյալ տարի միջոցառմանը չի մասնակցել, քանի որ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի խոսքով՝ այցելուները հիմնականում չեն էլ հասցնում նայել, ուղղակի վազելով անցնում են: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները միավորում են մեզ» և սպասվում են թանգարանային երկխոսություններ նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Օրինակ՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանը վիրտուալ կապ կհաստատի Հանս Քրիստիան Անդերսենի տուն-թանգարանի և Դալիի թատրոն-թանգարանի հետ: «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները ։ Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցել այս ծրագրին և տարածել «թանգարանային իրենց սելֆին»` ամբողջ Եվրոպայով։ Այս տարվա միջոցառումների մեջ ընդհանրապես գերակշռելու են նոր տեխնիկական միջոցների շնորհանդեսները: Երևան քաղաքի պատմության թանգարանում, օրինակ, թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը խոստացավ անակնկալ: Այցելուներին սպասվում է վիրտուալ «զբոսանք» հին ու նոր քաղաքով: