Պնդում է, որ Լյուքս Ստեփանյանին սպանելու մտադրություն չի ունեցել. Փաստինֆո
Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դիմումներ է գրել ՀՀ Նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` պնդելով, որ համածառայակից ընկերոջն սպանելու մտադրություն չի ունեցել եւ չի սպանել: Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ. «Հանդիսանում եմ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՏԴ/0097/01/13 քրեական գործով ամբաստանյալ և մեղադրվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հայտնում եմ Ձեզ, որ իմ համածառայակից ընկերոջը սպանելու դրդապատճառ, շարժառիթ, ցանկություն և նպատակ չեմ ունեցել և չեմ արել: Դա հաստատվել է նաև ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում, սակայն ոչ քննչական մարմինը, ոչ էլ դատախազները ուշադրություն չդարձրեցին այդ հանգամանքներին, քանի որ դեպքի հենց առաջին իսկ օրերից տուժողի հարազատները մեծ աղմուկ բարձրացրեցին, անգամ իրենց որդու դին Երևան էին բերում, որ դնեն կառավարության շենքի դիմաց: Այդ ժամանակ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գ. Կոստանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և այլոք եկան տուժողի հարազատներին ընդառաջ՝ հասնելով Սևան քաղաք, որտեղ փորձեցին հանգստացնել հավաքված անձանց և համոզել, որ հետ վերադառնան իրենց գյուղ, ինչին հավաքված ամբոխը չէր համաձայնում, որի պատճառով էլ նույնիսկ բախում եղավ նրանց և ոստիկանների միջև: Անկառավարելի ամբոխին հանգստացնելու նպատակով՝ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված եղան կատարել նրանց պահանջը և լրատվական միջոցների ներկայությամբ պաշտոնապես հայտարարել, թե, իբր, ես միտումնավոր կերպով եմ կրակել Լյուքս Ստեփանյանի վրա և սպանել նրան, ինչպես նաև խոստացան, որ շատ խիստ են պատժելու ինձ, որից հետո միայն ամբոխը մի փոքր հանգստացավ և հետ գնաց: Այս ամենը հաստատող տեսագրությունները առկա են համացանցում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում