«Կառավարությունը հանրության հետ չի քննարկել խնդիրը» (տեսանյութ)
Կառավարությունն առանց հանրության հետ քննարկման է Սևանից տարեկան 40 տոկոս ջուր բաց թողնելու նախագիծ ներկայացրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Ի դեպ, այսօր ԱԺ-ում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրինագիծը: Համաձայն որի` Արարատյան դաշտավայրի ոռոգման համար 5 տարի շարունակ Սևանա լճից տարեկան 240 մլն խմ ջուր պետք է բաց թողնվի` երաշտից խուսափելու համար: Կառավարության պատճառաբանությունը հիմնականում այն է, որ տարին սակավաջուր է և ջրամբարները գրեթե դատարկ են: Տիկին Դանիելյանին այս փաստարկները հավատ չեն ներշնչում. «2008թ. նորից նույն պատճառաբանությունն էին բերում, մենք գնացինք, ուսումնասիրեցինք ջրամբարների վիճակը: Նկարներ ունենք, որ դրանք բացարձակ դատարկ չեն եղել: Սակավաջրության մասով էլ ասեմ, որ կառավարությունը 2008թ.-ը համեմատում էր 2007-ի հետ, սակայն հաշվի չէր առնում, որ 2007թ.-ը խիստ ջրառատ տարի է եղել: Փոխարենը մենք համեմատականներ անցկացրեցինք վերջին 10 տարվա կտրվածքով և համոզվեցինք, որ բոլորովին արտակարգ իրավիճակ չի եղել, մեզ կրկին տարբեր անհիմն պատճառաբանություններ բերեցին, մեր ուսումնասիրությունները նորից ցույց տվեցին, որ բոլոր այդ փաստարկները հիմնավորված չեն»,- նշեց բնապահպանը հավելելով, որ երաշտը պայմանավորված է լինում ոչ թե ջրի պակասով, այլ ոռոգման համակարգի թերացումներով. «Այն բոլոր ջանքերը, որ մինչև այդ ներդրվել են Սևանի առողջացման համար, մենք կարող ենք կորցնել: Ես նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի անդամ եմ և կարծում եմ, որ այդ հարցը չի քննարկվել շահառու կողմերի հետ: Երբ խոսում ես ջրօգտագործողների հետ, նրանք հիմնականում բողոքում են ոչ թե, որ կանալը դատարկ է, այլ այն բանից, որ վճարման համակարգը խոչընդոտում է իրենց: Ասում են, թե ջուրը հոսում է, մեզանից գնում է, մենք իրավունք չունենք վերցնելու, որովհետև այս պահին ի վիճակի չենք »,- ասաց բնապահպանը, իսկ «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ջուրը գնում են 20 լումայով, սակայն վաճառում` 11 դրամով ու դեռ վնասներ են կրում. «Հաշվեք մեր տնտեսային ցանցի կորուստները, հաշվեք էտ ջուր տեղափոխելը: Մենակ 200 կմ մայր ջրանցք ենք սպասարկում, եթե Արզնի-Շամիրամ ջրանցքը 90 կմ է, 20 կմ ա միայն նորոգված, և մնացածը համարյա կիսավթարային վիճակում են: Իհարկե, կա կորուստների խնդիր, իսկ ո՞վ է ասում, որ ամեն ինչ իդեալական ա»: Իսկ Կարինե Դանիելյանը անհանգստություն հայտնեց նախագծում տեղ գտած ժամկետների կապակցությամբ. «Նշվում է 5 տարի, բայց այդ ով ասաց, որ 5 տարի երաշտ է լինելու: Սա նույնպես արդարացված չէ»,- ասաց նա: Խոսելով Սևանա լճում տարեկան 50 հազար տոննա ձուկ (50 հազար տոննա արհեստական կերով) աճեցնելու ծրագրի մասին` տիկին Դանիելյանը նշեց. «Կետ կա ծրագրում, որ այն պահին, երբ որ հանկարծ տեսնենք, թե որևէ վտանգ կա Սևանի համար, այդ սահմանում կդադարեցնենք աճը ծրագրի և մինչև 50 հազար տոննայի չենք հասնի: Սակայն իմ անհանգստությունն այն է, որ մենք շատ գեղեցիկ ծրագրեր ենք գրում, բայց իրականությունը այնպիսին է լինում, որ զարմանում ես` սա այս ծրագրի ռեալիզացիան է, թե ոչ»: Ի դեպ, Կարինե Դանիելյանը անդրադարձավ նաև բնապահպանների կողմից հաճախ հնչող այն մեկնաբանություններին, թե Սևանից ջուր է բաց թողնվում մեծահարուստների առանձնատները փրկելու համար: Նա նման մեղադրանքները ծայրահեղ և անհիմն համարեց: