Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԷՍՏԵՂԼԱԼՆ» ՈՒ «ԿԻԼԻԿԻԱՆ» ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՎԵՃԵՐՈՒՄ

Սպորտ

Այսօր կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները: «Էստեղլալ Կոտայքը» Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց «Միկային» եւ հաղթեց 2:1 հաշվով: Հանդիպման առաջին կեսում «Էստեղլալ Կոտայքին» առաջ մղեց Սամվել Պետրոսյանը, որն Արմեն Բաբայանի փոխանցումից հետո գրավեց Ֆելիքս Հակոբյանի պաշտպանած դարպասը:

Սակայն քիչ անց Արտյոմ Ադամյանը հեռահար հարվածով անակնկալի բերեց փորձառու Հարություն Աբրահամյանին, եւ հաշիվը հավասարվեց: 2-րդ կեսում տարածքային առավելություն ունեին դաշտի տերերը եւ ի վերջո կարողացան հասնել հաջողության: «Միկան» համարվում էր այս զույգի ֆավորիտը, սակայն թիմի ցույց տված խաղը հեռու էր բավարար լինելուց: Թիմի գրոհները պարզունակ էին եւ գրեթե վտանգ չէին պարունակում: «Էստեղլալ Կոտայքն» էլ չփայլեց, սակայն կարողացավ կարեւոր հաղթանակ տոնել եւ պատասխան հանդիպումից առաջ ավելի լավ հնարավորություններ ունի եզրափակիչ դուրս գալու համար:

Մյուս կիսաեզրափակիչում հանդիպեցին «Բանանցը» եւ «Կիլիկիան»: Վերջինս ընթացիկ մրցաշրջանի հայտնությունն է դարձել եւ շարունակում է հաճելիորեն զարմացնել: Հյուրընկալվողի դերում հանդես եկող «Կիլիկիան» հաղթեց 3:2 հաշվով եւ եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: