Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Ծաղկազարդ է

Հասարակություն
222

Ապրիլի 13-ին Ծաղկազարդն է՝ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ծաղկազարդը Ս. Հարության տոնին նախորդող Մեծ պահքի վերջին կիրակին է: Ծաղկազարդին Ս. Պատարագից հետո եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո¯ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:   Qahana.am