Գյուղացին հաշվում է իր կրած վնասը
Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ Արտավազդ Սարգսյանը մի քանի օրից կքանդի դդմիկների ջերմոցը: Նրան չհաջողվեց -6 աստիճան ցրտից փրկել մշակաբույսը, իսկ դդմիկների տնկիներից արդեն հետք անգամ չի մնացել: Արտավազդ Սարգսյանը նայում է հողին հավասարված դդմիկներին ու մտովի հաշվարկում կրած վնասը. «Եթե դդմիկները աճեին ու վաճառեի, մի 350000 դրամի եկամուտ կստանայի», - նշում է ջերմոցատերը: Նա ցավով է արձանագրում, որ շուրջ 80000 դրամ էլ կորցրեց բույսերը ցրտից պաշտպանելու համար. «Մոմեր առանք, ցելոֆոն առանք, պլիտա էլ վառեցինք, բայց օգուտ չստացանք, քամիախառն ձյունը ցելոֆոնը պոկեց, սաղ փչացրեց», - պատմում է Արտավազդը: Անելանելի վիճակում հայտնված գյուղացին չգիտի, թե ինչպես է մարելու վարկի տոկոսները: Խոստովանում է` պետությունից ակնկալիքներ չունի. «Չեմ հավատում, որ խոխհատուցում լինի, խոստանան էլ՝ դրանք լոկ բառեր են լինելու, մի քանի անգամ ըտենց դեպքեր եղել են, խոստացել են `չեն արել», - նշում է Հովտամեջի բնակիչը: Ցրտահարության հետևանքով 800 000 դրամի կորուստ է կրել ջերմոցատեր Արտակ Սարգսյանը: 3000 մետր ջերմոցում ամբողջությամբ ցրտահարվել է կարտոֆիլի ցանքսը. «Երկու տակ ջերմոցը փակել ենք, տակից էլ փակել ենք շորերով, ջերմոցը մեծ էր, հնարավոր չէր մոմով տաքացնել, ծխահարությամբ փրկել», - ասաց գյուղացին և հավելեց` փետրվար ամսից չարչարվեցինք- չարչարվեցինք, մնացինք առանց ապրուստ: Փոխհատուցման մասին խոսելիս Արտակ Սարգսյանը ծիծաղում է. «Ումի՞ց խոխհատուցում պահանջենք, գյուղացուն մենակ խաբում են, օգնող չկա»: