Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի․ Արամ Ա
Աջակցիր «Ա1+»-ինՀայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցած ոգեշնչման երեկոյին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծել է, որ տարիների հեռավորությունը չի կարող նվազեցնել ցեղասպանության հիշողության ուժը:
«Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավերժական գիտակցության մեջ։ Մենք պարտավոր ենք շարունակել հիշել մեր հայրերի ու մայրերի ջարդը, մահվան քարավանները, Դեր Զորի անապատների վրա չհուղարկավորված մեր նահատակներին, մեր մտավորականների սպանդը, մեր գյուղերի հրկիզումները։ Մենք պետք է հիշենք Հայոց ցեղասպանությունը»,- նշել է կաթողիկոսը։
Արամ Ա-ն շեշտել է, որ հայ ինքնության ու գիտակցության մեջ Հայոց ցեղասպանությունը զուգակցված է յուրաքանչյուր հայի արյան հետ։
«Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության մեջ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացած չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացում է հայ ինքնության»,- ասել է նա։
Կաթողիկոսը հավաստիացրել է, որ հայ ժողովրդի պահանջատիրությունը չի հնանա ու չի նահանջի, քանի դեռ ողջ է հիշողությունը, քանի դեռ ապրում է հիշատակը զոհվածների։