Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Սպորտ

Այսօր Սեւանում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական անձանց համաժողովը, որն ամփոփեց 2004թ. մարտից մինչ այժմ կատարած աշխատանքները: Համաժողովին ներկա ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Պեռ Ռավն Օդմալը նշեց, որ Հայաստանում ֆուտբոլը առաջընթաց է ապրում եւ ինքը հաճելիորեն զարմացել է, որ ֆուտբոլով զբաղվողների քանակը ավելացել է 10 հազարով:

ՈւԵՖԱ-ի փոխնախահագը հայտնեց նաեւ իր կարծիքը «Ինտեր» - «Միլան» խաղում տեղի ունեցած պատահարի մասին. «Բոլորը տեղյակ են այդ միջադեպի մասին, որտեղ մարզասերները անվայել պահվածքով աչքի ընկան: ՈւԵՖԱ-ն լուրջ պատժամիջոցներ է կիրառելու «Ինտերի» նկատմամբ` մարզասերների պահվածքի համար: Ֆուտբոլասերների վարքը լուրջ խնդիր է դարձել մեզ համար, որի դեմ պետք պայքարենք միասին: Ձեզ մոտ` Հայաստանում, նման խնդիրներ չկան»:

Որոշ հարցեր քննարկելուց հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ հաշվետու ժամանակաշրջանի մասին ելույթով: Ֆեդերացիայի նախագահը մասնավորապես նշեց, որ շուտով կունենանք ֆուտբոլի ավելի մարտուկ հավաքականներ: Հատկապես խոսքը վերբերում էր երիտասարդական հավաքականին:

«Շատ են քննադատում մեզ այն քաղաքականության համար, որ երիտասարդական հավաքականում հանդես են գալիս 17-18 տարեկան ֆուտբոլիստներ: Բայց մենք նման ձեւով լուծում ենք ազգային հավաքականի սերնդափախության հարցը»: Ռուբեն Հայրապետյան կարեւորում է նաեւ մանկապատանեկան ֆուտբոլի դերը եւ այն համարում է առաջնային խնդիր:

Համաժողովի ընթացքում գործադիր կոմիտեից հեռացվեց ՀՖՖ նախկին նախագահ, գործկոմի անդամ Սուրեն Ամբրահամյանը, որը արդեն 1 տարուց ավել է չի մասնակցում գործկոմի նիստերին եւ որեւէ բացատրություն չի տվել իր բացակայությունների համար: Սուրեն Աբրահամյանի փոխարեն գործկոմի անդամ ընտրվեց Թովմաս Պողոսյանը, որը լուրջ աշխատանք է կատարում ֆուտզալի ասպարեզում: