Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգևորական. «Ինչի՞ ձեզ չի հետաքրքրում աղանդների բիզնեսը» (տեսանյութ)

Հասարակություն
gev

Այսօր Հայաստանում կա շուրջ 30 հազար Եհովայի վկա, 12 հազար կյանքի խոսքի անդամ և մոտ 2000 մորմոն: Նման վիճակագրություն ներկայացրեց աստվածաբան Աշոտ Մանուչարյանը, իսկ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հավելեց, որ այդ կրոնական կազմակերպությունները, որոնց նա համարում է աղանդներ, պայքարում են միմյանց դեմ: Հոգևորականը վստահ է` այդ պայքարը գնում է հետևորդների համար. «Մրցակցությունը գնում է հիմի Եհովայի վկաների և Կյանքի խոսքի միջև, ներքին պայքար ա, և մեկը մյուսին քայքայում են»: Աշոտ Մանուչարյանը տեղեկացրեց, որ նշյալ հոգևորական կազմակերպությունները վտանգավոր են հոգեորսության իրենց մեթոդներով. «Գնում են, հենց փողոցում մարդկանց բռնացնում են ու համոզում հարել իրենց կրոնական կազմակերպությանը, դա սխալ է»: Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն էլ նշեց, որ բացի Առաքելական եկեղեցու հիմքերը քայքայելուց, այս հոգևորական կառույցների նպատակն է խարխլել պետության արմատները: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչպես է հոգևորականը վերաբերվում Առաքելական եկեղեցու և բիզնեսի փոխկապակցությանը, Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցի համակարգողը, ով մեկն էր «Yerevan mall» առևտրի կենտրոնի բացումն օրհնած հոգևորականներից, խուսափեց պատասխանել՝ նշելով, որ էլ ավելի մեծ վտանգ են ներկայացնում աղանդավորական համարվող կառույցները. «Առաջինը հենց ըտեղից պետք է սկսենք, նախ խաբեությամբ են զբաղված։ Մարդկանց մոլորության մեջ գցելով՝ Մեսրոպ Մաշտոցի նկարը տպում են իրենց բուկլետների վրա, բայց մեջը հակամաշտոցյան նյութեր ա տեղադրված։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի նկարն են տպում, բայց մեջը հակաէջմիածնական, հակաեկեղեցական նյութեր տպագրում, սա ամենամեծ խաբեությունն է։ Ինչի՞ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ բիզնեսով են զբաղվում աղանդները, դուք անընդհատ նետի սլաքները ուղղում եք Հայ եկեղեցուն։ Եկեղեցին, վանքերը հատկապես ունեցել են վանքապատկան կալվածքներ ու ամբողջ աշխարհում է դա էդպես»։ Բանախոսները նաև նշեցին, որ վերոնշյալ կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը գալիս է արտասահմանից։