Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխայի նպաստի ստացման նոր առաջարկ է ներկայացվել (տեսանյութ)

Հասարակություն
npast

«Պետական նպաստների մասին» օրենքով այսօր արգելված է` երբ երեխան ծնվում է մահացած կամ որոշ ժամանակ անց մահանում է, ծնողը չի կարող նպաստ ստանալ: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկեց փոփոխել օրենքը. <Լուրջ գիտահետազոտական աշխատանք է պետք` ապացուցելու` երեխան ծնվեց, նոր մահացավ, պատկերացրեք` սա ինչ կոռուպցիայի տեղիք է տալիս, 2-րդը` բարոյական այդ հարվածը ծնողին, եւ 3--րդ` մենք գործ ունենք բավականաչափ մեծ գումարի հետ>: Ըստ պատգամավորի` գործող օրենքով ծնողին այսպիսով զրկում ենք շուրջ 1,5 մլն դրամից: Նա առաջարկում է ծնողին տալ այդ գումարը` հիմք վերցնելով տվյալ ծննդատան կողմից տրված տեղեկանքը: Քննարկմանը ներկա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը հայտարարեց, որ սկզբունքորեն համաձայն են նախագծի հետ, սակայն կարծում է, որ այն ամբողջովին չի կարգավորում խնդիրը: Ըստ նրա` Առողջապահության նախարարության իրավական ակտերով արդեն կար կարգավորում. <Մահացության ժամանակահատված գոյություն ունի, որը հղիության 22-րդ շաբաթից մինչեւ ծնվելու 7-րդ օրը, այսինքն` 154 օրվա մասին է խոսքը, նույնիսկ կարող է երեխան կենդանի ծնվի, բայց 7 օրվա ընթացքում մահանա, այս խնդիրը չի կարգավորում, ստացվում է միայն մահացած ծնվածների համար>: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով էլ` նպաստը պետք է տրվի ավելի վաղ` մինչ ծննդաբերությունը. <Կարելի է ուղղում մտցնել էդտեղ` 7 ամսական հղիությունից հետո ծնողն այդ գումարը ստանալու հնարավորություն ունենա, քանի որ շատ լավ գիտենք` ինչ ծախսերի հետ է դա կապված>: ՕԵԿ ներկայացրած նախագիծը տարաբնույթ մտքերի ու կարծիքների տեղիք տվեց: Դա նյարդայնացրեց Հովհաննես Մարգարյանին: Նախագիծը, այնուամենայնիվ, մտավ ԱԺ օրակարգ: