Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւանա լիճը միայն ադամանդ չէ մատանու վրա»

Հասարակություն
a5356491d75b43095e8c4363634d5c8b

ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է լուծել մինչեւ Սեւջուր եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը, լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն. խմ: Նշենք, որ Սեւանա լճից օրենքով թույլատրելի ջրառի սահմանը 170 մլն. խմ-ն է, այժմ՝ Կառավարությունն առաջարկում է հավելյալ 70 մլն. խմ ջուր վերցնել՝ հինգ տարի ժամանակով: Օրենքի նախագծի պատասխանատուները վստահեցնում են՝ կա գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ապահովման անհրաժեշտություն, արտեզյան հորիզոնների եւ Սեւջրի ջրատվության նվազման, ոռոգման պահանջարկ եւ Սեւան-Հրազդանյան արագահոս համակարգում կորուստների աճ: Խորհրդարանական լսումներին ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը կոնկրետ անդրադարձավ Սեւանա լճի ձկնապաշարին: «Սեւանա լիճը միայն ադամանդ չէ մատանու վրա, որ նայենք ու հիանանք: 1990-ական թթ. Սեւանա լճի ձուկը որոշ չափով մեղմացրեց սոցիալական ծանր վիճակը, սակայն այս քսան տարիների ընթացքում այդպես էլ չվերադարձրինք ձկան չափաքանակը: Հիմա լրացուցիչ ջուր եք պահանջում լճից: Այդքան չափաքանակ մեկ էլ վեց տարի առաջ էիք պահանջել, սակայն այս տարիների ընթացքում համապատասխան ծրագիր չիրականացրիք, որ այն համալրվի: Ի՞նչ երաշխիք կա, որ նորից՝ տարիներ անց, չեք անդրադառնա լճից նոր, լրացուցիչ ջուր վերցնելուն»: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը վստահեցրեց, որ չի թերագնահատում Սեւանի ազգային արժանիքները. «Չկա մի հայ մարդ, որ չգնահատի այն, սակայն չեմ կարծում, որ Սեւանը ինքնանպատակ է: Լճի ջուրը 5,5 մլրդ խմ-ով ավելացել է, այն մեր ամենախոշոր ջրամբարն է, եթե նայում ենք լճին մեր տեսանկյունից: Բնակլիմայական պայմանների շնորհիվ, անձրեւների շնորհիվ լճում կա 1.5 մլրդ խմ ջրի շրջանառություն եւ հիմա 70 մլն խմ-ի հարցն ենք ընդամենը քննարկում: Կարծում եմ՝ այն առաջարկը, որ ներկայացված է, թույլատրելի է»: Լսումներին ներկա բնապահպան Կարինե Դանիելյանը նկատեց՝ յոթ տարվա ընթացքում ցամաքեցվել է Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանը. «Փորձենք հասկանալ՝ ինչ սխալներ ենք արել այս տարիների ընթացքում, որ ապագայում էլ չունենանք, քանի որ անապատացումը լուրջ խնդիր է»: Իսկ մեկ այլ բնապահպան Գագիկ Թադեւոսյանն իր զարմանքը հայտնեց Անդրանիկ Անդրեասյանի ներկայացրած այն ցուցանիշի վերաբերյալ, որ Սեւանա լճում կա 1.5 մլրդ խմ ջրի շրջանառություն. «Մենք ձեզ հետ միասին աշխատել ենք, պարոն Անդրեասյան, ինչ ապրիորի հայտարարություններ եք անում: Ջրի այդ ավելացումը Աստծու շնորհքն էր, հիմա հույսներդ դրել եք միայն բնության վրա՞: 1928 կամ 1933թթ տարիների ունիկալ լիճն այլեւս չկա: Մի քանի տարի հետո մենք կորցնելու ենք մեր խմելու ջրի շտեմարանը՝ Սեւանա լիճը»: Այս հայտարարությունը հունից հանեց Անդրանիկ Անդրեասյանին եւ նա փորձեց եւս մեկ անգամ վստահեցնել, որ ինքը պակաս հայրենասեր չէ ու սիրում է Սեւանա լիճն ու չի պատրաստվում վնասել այն. «Ես եւս դաստիարակվել եմ «Բեշիրի կռիվները կղզու վրա» վեպի հիման վրա: Ես ինչպե՞ս կարող եմ վնասել լիճը»: